Հետաքրքիր պատմական փաստերի ականատես ենք դառնում բոլորս:
Կեսօրին խորհրդարանում սկսվեց նիստը, և միայն 12.18 Ֆրանսիայի հրապարակում խոսափողը վերցրեց Նիկոլ Փաշինյանը` հայտարարելու, որ Հայաստանում սկսվում է «Թավշյա հեղափոխությունը»: Նա երկար ու գորովալից պատմեց առավոտից կեսօր իրենց երթուդարձի, վազքի, կանգառների, շրջադարձերի մասին ու փառաբանեց սեփական ճկունությունը, որ կանխել է «ոստիկանության կողմից ջախջախվելը»:
Նաև մանրամասն իրազեկեց` ինչ է կատարվում Գյումրիում, Վանաձորում ու այլ քաղաքներում ու հաշվետվությունն ավարտեց լուրով, որ առավոտյան դպրոցականները շրջափակել էին ԱԳ նախարարի ավտոմեքենան: Թվարկելով ինչ հզորության տեխնիկա է կուտակվել Աժ-ի մատույցներում` Նիկոլը, որպես ճկուն մարտավարության շարունակություն, հայտարարեց` մենք կգնանք այլ ուղղությամբ: Այլ ուղղությունը կառավարական բոլոր շենքերը շրջափակելը, ոչ ներս, ոչ դուրս թողնելն էր` կաթվածահարելու կառավարության գործունեությունը: Համենայն դեպս, նա հույս տվեց, որ պայքարը շարունակվում է ու մնալու է բաց ձեռքերի պայքար` բացառելով որևէ բռնություն որևէ ոստիկանի կամ պաշտոնյայի նկատմամբ: Ընդդեմ հուսալքության նաև հիշեցրեց «Մերժիր Սերժին»-ն ու ճանապարհ ընկավ քաղաքում շրջելու: Դեպի ու՞ր: Ինքն էլ չգիտեր։ Մի շենք գտներ` շրջափակեր: Նպատակը` Սերժ Սարգսյանին թողնել առավոտը, կեսօրին, երեկոյան վարչապետ լինելը, իսկ երկրում ազդեցություն չունենալը:
Որքան արագ արձանագրվի 14+4-ի լիակատար ավարտն, այնքան արագ հնարավոր կլինի ստեղծված ներուժը պահպանելը: Ի սկզբանե Փաշինյանի ծրագիրը հեռանկար չուներ և ավարտվեց առանց քաղաքական արդյունքների:
Հետայսու Նիկոլն իր կենսագրության մեջ կարող է մի քանի տող ավելացնել, որ 2018-ի ապրիլի կեսին նախաձեռնեց հեղափոխություն ու հաղթեց փողոցում: Եթե անաչառ լինի, կավելացնի, որ դա որևէ հետևանք չունեցավ մարդկանց կենսագրության ու երկրի պատմության մեջ: Եթե անաչառ չլինի, կշեշտի, որ իրեն հաջողվեց բեկել պատմության ընթացքը: Հայտնի չէ` դեպի ուր:
Փաստացի, թավշյա հեղափոխությունը ազդարարելու պահից պարտված է։ Պատանեկան ավյունը Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո, որի կանխման նպատակն ուներ շարժումը, նվազելու է: Դասադուլ-գործադուլի-շրջափակումների ալիքը` նույնպես, առավել ևս, որ նորընտիր վարչապետն իր ձեռքն է առնելու կառավարումն ու հրահանգելու է ապահովել տրանսպորտի ու բոլոր կառույցների բնականոն աշխատանքը: Նիկոլին 4 օր լիուլի ժամանակ տրվեց իր ուզածի պես ու չափ քաղաքը կաթվածահարելու ու մարդկանց հունից հանելու, որ կարգուկանոնի վերահաստատումը բոլորի սրտով լինի: Ալիքը կմարի, ինչպես ջրի բարակող շիթն անհետանում է ավազի մեջ:
Փաշինյանը գնաց այն միակ ճանապարհով, որ նրան թողեց Սերժ Սարգսյանը` անկախ իր հայտարարությունների բովանդակությունից ու հաճախականությունից:
Արժե՞ր սկսել մի շարժում, որը տանելու էր ոչ մի տեղ: Արժե՞ր այդքան մարդու` 46 ու ավելի, վիրավորվելու, նյարդայնության ու քաշքշուկի պատճառ դառնալու` քաղաքական 0 հետևանքի համար: Ի՞նչ ապացուցեց Նիկոլը, որ իշխանության դեմ անիմա՞ստ է պայքարել: Նպատակը դա՞ էր: Թե՞ ցույց տալ, որ ՀՀԿ-ն չունի ժողովրդի աջակցությունը: Ո՞վ չգիտեր: Իսկ հիմա ստացվեց, որ ՀՀԿ-ն չունի ընդամենը 5-10000 մարդու աջակցություն` առավելագույն գնահատականով: Կամ Փաշինյանի թավշյա հեղափոխության ռեզերվում ինքն է` մենակ ու իր անծրագիր արկածախնդրությունը, որ սկսվեց քայլքով, ավարտվեց վազքով` դեպի ոչ մի տեղ:
Հ.գ. Մոտ մեկ ժամ առաջ ԱԺ-ում ձայների 77 կողմ քվեով ՀՀ 15-րդ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը: