Մի քանի օրում Սիրիայում նորից ամեն ինչ խառնվեց իրար: Արևմուտքը մեղադրում է Բաշար Ասադին Արևելյան Գուտայի Դումա քաղաքում քիմիական զենք կիրառելու մեջ: Սիրիայի ԱԳՆ-ը պաշտոնական հրավեր է ուղարկել ՔԶԱԿ-ին Դումա գալու ու տեղում հետաքննություն անցկացնելու: ՌԴ-ն հերքել է քլորով ռումբի տեղեկությունը, որն իբր նետել են Ասադի զինվորականները: Մոսկվան Վաշինգտոնին «լուրջ հետևանքներով» է սպառնացել, եթե ԱՄՆ-ն Սիրիայի կառավարական ուժերի դեմ ռազմական գործողություններ սկսի՝ ի պատասխան Դումայում քիմիական հարձակման` հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան: Նա պնդում է, որ Դումայում քիմիական հարձակում չի եղել:
Ապրիլի 9-ի երեկոյան ՄԱԿ-ի ԱԽ քննարկել է Դումայում քիմիական զենքի կիրառման հարցը: ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեղադրում են Ասադին: ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլին նշել է, որ Վաշինգտոնն արձագանքելու է հարձակմանն անկախ նրանից՝ ԱԽ-ն հավանություն կտա, թե ոչ: Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել այս շաբաթ նախատեսված այցը Հարավային Ամերիկա: Թրամփը ցանկանում է մնալ Վաշինգտոնում` «Սիրիայում ստեղծված կացությանը հետևելու նպատակով»: Նա խորհրդականների հետ քննարկում է Սիրիային հզոր հարված հասցնելու հնարավորությունը, հնարավոր է` միանգամից մի քանի թիրախի և մի քանի օրում: Խոստանում են, որ հարվածն ավելի հզոր է լինելու, քան 2017-ի ապրիլինը, երբ 50 հրթիռ էր արձակվել Հոմսի ավիաբազայի վրա:
Թրամփը Վաշինգտոնում ընդունել է Կատարի շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանիին ու նրա հետ քննարկել Իրանի ու Ռուսաստանի տարածաշրջանային սպառնալիքը:
Մակրոնն իր հերթին հայտարարել է, որ եթե Փարիզը որոշի հարվածել Սիրիային՝ ի պատասխան Դումայում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման, թիրախներ կարող են դառնալ վտանգավոր քիմիական նյութեր արտադրող օբյեկտները։ Հարվածը չի դիպչի Դամասկոսի դաշնակիցներին։
Իսրայելն օդային հարվածներ հասցրեց Սիրիայում` թիրախավորելով Իրանին, փաստացի կոնֆլիկտի մեջ ներքաշելով Լիբանանը ու Գազայի հատվածը: Իսրայելի օդային հարվածները հիմնականում հասցեագրված են Հեզբոլահին, որի մարտիկները պաշտպանում են Ասադին: Իսրայելի զինվորականները հայտարարում են, որ օդային հարվածների շնորհիվ կանխել են հեռահար հրթիռների ու թունավոր նյութերի՝ Հեզբոլահի ձեռքն անցնելը: Իսրայելի սահմանին ու Գազայի հատվածում կոնֆլիկտները ցույց են տալիս, որ պաղեստինյան Համասի հետ դիմակայությունը նորից կարող է բռնկվել: Թեպետ Սաուդյան Արաբիան պաղեստինաիսրայելական կոնֆլիկտում խաղաղ կարգավորման կողմնակից է, Համասին Էր Ռիադը չի պատրաստվում պաշտպանել: Սաուդյան Արաբիան նորից անցել է Իսրայելի կողմը` համատեղ ընդհանուր թշնամու` Իրանի դեմ պայքարի համար: Իսրայելը, սիրիական ավիաբազային հարված հասցնելով, ցանկանում է շեղել հասարակության ուշադրությունը Գազայի ողբերգությունից` հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Հասեմին:
Բացի դրանից` Թել Ավիվն աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին: «Իսրայելը ստիպված կլինի պատասխան տալ սիրիական ավիաբազային ավիահարվածի համար»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: Սիրիայի ԱԳՆ-ն ենթադրում է, որ հարվածն Իսրայելի պատասխանն էր Արևելյան Գուտայում ահաբեկիչների դեմ պայքարում կառավարական զորքերի հաջողությունների:
Թվում էր` այս իրավիճակում Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանն իբրև Սիրիայի հարցում դաշնակիցներ, պետք է համախմբվեն, բայց Անկարան հարմար պահ գտավ իր անկախությունը հայտարարելու: «Թուրքիան Աֆրինը կվերադարձնի ոչ թե Բաշար Ասադի վարչակազմին, այլ այդ շրջանի բնակիչներին»,- Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ թուրքական բանակի դուրսբերումից հետո Աֆրինի վերահսկողությունը պետք է հանձնվի Սիրիայի կառավարությանը:
Մոսկվան իզուր է վստահել Էրդողանին, որ քրդերից մաքրելուց հետո Աֆրինը Ասադին կհանձնի: «Դա սխալ մոտեցում է: Մենք Աֆրինը կհանձնենք բնակիչներին, երբ գա հարմար պահը»,- հայտարարել է Էրդողանը: Թեպետ հենց ինքն էր խոստանում, որ բարեկամ Սիրիայի համար մաքրում է նրա տարածքը «ահաբեկիչներից»: Սիրիան բարեկամ է, Ասադը` թշնամի: Էրդողանը նաև հայտարարել է, որ ոչ ոք իրավունք չունի Թուրքիային ասելու ինչպես գործել Աֆրինում` մոռանալով, որ Ռուսաստանի համաձայնությամբ Աֆրին մտավ:
Իրանը պահանջում է Աֆրինը վերադարձնել Ասադի կառավարությանը: Եվ հիմա Պուտինն ու Ռուհանին պետք է համատեղ որոշեն` ի՞նչ անել Էրդողանի հետ: Փաստացի, Էրդողանը շարունակում է դաշնակիցներին գոտկատեղից ներքև հարվածների տեխնոլոգիան: Չի բացառվում, որ նրա համար արդեն սկսվում է արևմտամերձության շրջանը` ի հաշիվ Պուտինի ու Ռուհանիի: Պատահական չէ, որ Էրդողանը հայտարարում է, բայց դեպի Մանբիջ չի շարժվում: Անկարան սպասում է, որ Թրամփը կհարվածի Դամասկոսին, ու Աֆրինը օրակարգից դուրս կգա: Կհանդուրժի՞ Պուտինն Էրդողանի խաղերը: Իսկ Ռուհանի՞ն:
Ի՞նչ կանի Դոնալդ Թրամփը: Իրո՞ք կհրթիռակոծի Սիրիան նորից, և չի՞ վերածվի դա ԱՄՆ-ՌԴ պատերազմի երրորդ երկրի տարածքում, որտեղ ՌԴ միակ դաշնակիցը կլինի Իրանը: Թրամփը նորից խորհուրդ տվեց Ռուսաստանին չհամագործակցել Ասադի հետ` «գազանի, որ սպանում է իր ժողովրդին գազով ու հաճույք է ստանում»: