Մեծ Մերձավոր Արևելքը պայթեց «աշխարհաքաղաքական» լեզվակռվից:
Գազայի հատվածում պաղեստինցիների և իսրայելցի զինվորականների միջև մարտի 30-ին տեղի ունեցած բախումներից հետո Թուրքիայի ու Իսրայելի միջև ծագած փոխադարձ քննադատությունն ու, մեղմ ասած, ոչ դիվանագիտական լեզվակռիվը բուռն կերպով շարունակվում է:
«Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ իր ելույթում Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր. «Նեթանյահուն ահաբեկիչ է, իսկ Իսրայելը՝ ահաբեկիչ պետություն»,-այնուհետև հավելել. «Ես պետք է միջազգային հանրությանը պատմեմ, թե որքան դաժան է իսրայելական բանակը: Տեսեք, թե ինչ է անում այդ ահաբեկչական պետությունը Գազայում և Երուսաղեմում»: Էրդողանը, իսրայելական զինվորականների գործողությունները որակելով «զանգվածային սպանություններ», ասել է․ «Հեյ, Նեթանյահու, դու օկուպանտ ես, դու քեզ օկուպանտի պես ես պահում այդ հողերում: Միևնույն ժամանակ ահաբեկիչ ես»: Նա նաև նշել է, որ Նեթանյահուն պետք է անկեղծություն դրսևորի և դադարի քննադատել Թուրքիային:
Իսրայելի պատասխանը երկար սպասեցնել չտվեց: Վարչապետ Բենյամին Նեթանյահուն, հակադարձելով Թուրքիայից հնչող մեղադրանքներին, հայտարարել է, թե «ամենաբարձր բարոյական սկզբունքներն ունեցող բանակը կարիք չունի լսելու բարոյական խրատներ այն մարդուց, ով առանց խտրականության ռմբակոծում է քաղաքացիական բնակչությանը (Սիրիայում)»: Նեթանյահուն նշել է, որ Թուրքիան իրավունք չունի բարոյականության դասեր տալ Իսրայելին: «Էրդողանը սովոր չէ, որ իրեն պատասխանում են, պետք է սկսի սովորել,- հայտարարել է Նեթանյահուն։- Նա, ով օկուպացնում է Հյուսիսային Կիպրոսը, ներխուժում քրդական շրջաններ և ոչնչացնում Աֆրինի քաղաքացիական բնակչությանը, իրավունք չունի մեզ բարոյական արժեքների վերաբերյալ դասեր տալու»:
Օրերս տասնյակ հազարավոր պաղեստինցիներ դուրս էին եկել փողոց՝ պահանջելով փախստականների վերադարձ: Մի շարք շրջաններում ցուցարարների և իսրայելցի ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել է 17, վիրավորվել՝ մոտ 1500 արաբ: Էրդողանի և Նեթանյահուի միջև հեռակա լեզվակռվի պատճառը իսրայելցի զինվորականների և պաղեստինցիների միջև Գազայի հատվածի սահմանին և Իսրայելում ուրբաթ օրը տեղի ունեցած բախումներն էին: Իրավիճակը կտրուկ սրվել է, երբ հազարավոր պաղեստինցիներ բողոքի երթի են դուրս եկել, և, ինչպես հաղորդվում է, մոտենալով իսրայելական սահմանին՝ քարեր ու «մոլոտովյան կոկտեյլներ» են նետել զինվորականների ուղղությամբ, ովքեր ի պատասխան գործի են դրել ծանր հրազեն: Սրանք Գազայի հատվածում թերևս ամենաարյունալի բախումներն են 2014-ից ի վեր, երբ Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Պաղեստինի դեմ:
Վերջին տարիներին պաղեստինցիների կազմակերպած այս ամենախոշոր բողոքի ակցիան կոչվում է «Վերադարձի մեծ երթ» և նվիրված է Հողի օրվան, որն ամեն տարի նշում են ի հիշատակ Գազայի հատված 6 արաբ ցուցարարների, ովքեր սպանվել են 70-ականներին հողատարածքների օտարման դեմ բողոքի ակցիայի ժամանակ: Պաղեստինյան կողմը պլանավորում է բողոքի ակցիաները շարունակել մինչև մայիս և ավարտել այն իսրայելական պետության ստեղծմանը նվիրված տոնակատարության հաջորդ օրը: Վերադարձի իրավունքը մերձավորարևելյան հակամարտության ամենախնդրահարույց կետերից է. Իսրայելի հիմնադրումից հետո տարբեր գնահատականներով այդ տարածքը լքել է շուրջ 750 հազար պաղեստինցի, որոնցից մոտ 250 հազարը հասել է Գազայի հատված: Քանի որ պաղեստինցիները միակ ժողովուրդն են, որոնց փախստականի կարգավիճակը փոխանցվում է ժառանգաբար, ապա Գազայի հատվածում այսօր բնակվում է փախստականի կարգավիճակ ունեցող շուրջ 1,2 միլիոն մարդ:
Պաղեստինին մշտապես աջակցող Թուրքիան երկու տարի առաջ թույլտվություն է ստացել մասնակցել Գազայի հատվածի վերականգնման աշխատանքներին, հումանիտար օգնություն տրամադրել տեղի բնակչությանը, ինչպես նաև շուրջ 200 հոգու համար նախատեսված Թուրքիա-Պաղեստին բարեկամության հիվանդանոց կառուցել: Այս պայմանավորվածությունները հաստատվել են երկու տարի առաջ, երբ վեց տարի տևած դիվանագիտական ճգնաժամից հետո Իսրայելն ու Թուրքիան ի վերջո համաձայնեցին կարգավորել երկկողմ հարաբերությունները:
Գազայի հատվածում վերջին օրերի բռնությունները հետաքննելու կոչով է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ինչպես նաև Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, սակայն Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հանրային ռադիոյի եթերում հայտարարել է, թե որևէ հետաքննություն թույլ չի տա:
Այս տարածաշրջանային «լեզվակռվի» ուշագրավն այն է, որ անմիջապես Իսրայելի կողմից Էրդողանին «կարգի հրավիրելու» ցանկության շրջանակներում կրկին Հայոց ցեղասպանության թեման արծարծվեց: 2016թ. ամռանը Թուրքիայի հետ կնքված հաշտության պայմանագիրը սխալ էր՝ երեկ նշել է Իսրայելի ներքին անվտանգության նախարար Գիլադ Էրդանը: Մեկնաբանելով Էրդողանի և Նեթանյահուի միջև «սիրալիրության փոխանակումը» սոցցանցերում, Էրդանը Էրդողանին մեղադրել է «հակասեմականության» մեջ, քանի որ «նա շարունակում է աջակցել ՀԱՄԱՍ-ին»: Բացի այդ՝ Էրդողանը նկատել է, որ Իսրայելը, հնարավոր է, չպետք է հաշտություն կնքեր Անկարայի հետ և միգուցե լավ կաներ՝ միջազգային ասպարեզում հանդես գար Թուրքիայի դեմ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: «Տարօրինակ բան է կատարվում. Թուրքիան ոչնչացնում է քրդերին, օկուպացնում է Հյուսիսային Կիպրոսը, և դա չի խանգարում Արևմուտքին նրան ճանաչել լեգիտիմ գործընկեր»,- ասել է նա: