Իրադրությունն ստիպում է վերստին անդրադառնալ Հյուսիսային Սիրիայում՝ Աֆրինի շուրջ տեղի ունեցող, Քրդական հարցին վերաբերող իրադրությանը:
Թուրքիայի և նրա խնամարկյալների՝ տխրահռչակ «սիրիական ազատ բանակի» (ՍԱԲ) կազմի մեջ մտնող թուրքմենների աչքին ամենուրեք երևում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կոդս» հատուկ նշանակության ջոկատի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Քասեմ Սոլեյմանին: Թուրքիայի պաշտոնական անձինք, սկսած արտգործնախարար Չավուշօղլուից, զգուշանում էին առհասարակ Իրանի և մասնավորապես ԻՀՊԿ-ի այդ գեներալի անունը տալուց: Անկարան սոսկ «մեկնաբանում» և տարածում էր Սիրիայի և Սիրիական ժողովրդական ուժերի հասցեին հնչող սպառնալիքները. այդ ուժերի կազմավորումները, չնայած Թուրքիայից հնչող բիրտ բղավոցներին և ակնարկներին, այնուամենայնիվ, եկել են Աֆրին, ընդ որում` ոչ միայն տարածաշրջան, այլև հենց համանուն քաղաքավան, թեև թուրքերն ու նրանց խամաճիկներն առայժմ շարունակում են պնդել, թե իբր իրենց գնդակոծությունները «սիրիական ուժերին ստիպել են նահանջել 10 կիլոմետր»: Սակայն համացանցային կայքերում քիչ չեն տեսանյութերը, որոնցում երևում է, որ աշխարհազորայինները հենց քաղաքում են, հենց կենտրոնական հրապարակում և սիրիական պետական դրոշի ներքո: Խուճապային տրամադրությունների գագաթնակետը փետրվարի 20-ին էր, ըստ էության, այն բանից մեկ-երկու ժամ առաջ, երբ սիրիական ժողովրդական ուժերի ջոկատներն ակնբախորեն ցույց տվեցին, որ իրենք Աֆրինում են: Անկարայից լսվում էր, որ դա «իրատեսական չէ», և որ «դա քարոզչություն է»:
Փետրվարի 21-ի առավոտից «շիական աշխարհազորայինների զորասյունը Զահրա քաղաքի շրջանում անցավ անցակետով և ուղղություն վերցրեց դեպի Աֆրինի վարչական կենտրոն՝ այնուհետև ռազմաճակատի տարբեր մասերում տեղաբաշխվելու համար»: Հայտնի դարձավ, որ փետրվարի 20-ին Աֆրին հասած աշխարհազորայինների առաջին խմբի առնվազն մի մասը տեղակայվել է առավել դժվարին ուղղությունում՝ Ջինդերես քաղաքավանի մատույցներում: Հենց այստեղ էին մեկ-երկու օր շարունակ առավել ակտիվ մարտական գործողություններն ընթանում, որովհետև թուրքերն ու ՍԱԲ-ի զինյալները ձգտում էին անպայման գրավել Ջինդերեսը՝ հուսալով երևի «օղակի» մեջ առնել Աֆրինը:
Սիրիական զինվորական հրամանատարության հետ ձեռք բերված համաձայնության շրջանակներում քրդերը խոստացել էին նաև փոխանցել Հալեպ քաղաքի՝ իրենց հսկողության տակ գտնվող շրջանները: Ենթադրաբար, իշխանություններին կհանձնվեն Բուստան ալ-Բաշայի, Ալ-Խալկի, Բայդենի, Հայդարիայի և Այն ալ-Աբյադի շրջանները: Քրդերի հսկողության տակ կմնա միայն Հալեպի հյուսիսային Շեյխ Մաքսուդի խոշոր շրջանը: Եվ դա համապատասխանում է Reuters-ի փետրվարի 20-ին տարածված հաղորդագրությանը. «Զինված կազմավորումները Հալեպից եկել են Աֆրին: Պաշտոնական Դամասկոսը առայժմ չի մեկնաբանել կատարվածը»:
Երկու դեպքում էլ բրիտանական գործակալությունը վկայակոչում է «շիայական «Հըզբոլլահ» կուսակցության աղբյուրները: Կարող ենք ենթադրել, որ խոսքը լիբանանյան «Հըզբոլլահի» մասին է. հիմա նման վերապահությունն անհրաժեշտ է, որովհետև փետրվարի 14-ին հայտնի էր դարձել, որ գոյություն ունեն և գործում են «Հըզբոլլահի» իրաքյան ինչ-որ բրիգադներ, որոնց ներկայացուցիչ Մոհամմադ Մոհին մերկացրել է Իրաքում ամերիկյան ռազմաբազաների ճիշտ քանակը թաքցնելու և տարածաշրջանում ԱՄՆ-ի նոր բազաներ ստեղծելու ԱՄՆ-ի պլանները: Այսինքն՝ տարածաշրջանում կա արդեն երկու «Հըզբոլլահ» կուսակցություն, առնվազն՝ Լիբանանում և Իրաքում:
Թե ինչու են Թուրքիան և թուրքամետ «սիրիական ընդդիմությունը» վախեցած իրանցի գեներալ-մայոր Քասեմ Սոլեյմանիի՝ «օդում պտտվող» անունից, պարզ է դառնում ոմն Մուհաննա Ջաֆալայի խոսքից, որը հորջորջվում է վերոհիշյալ ՍԱԲ-ի կազմի մեջ մտնող «Աբու Ամարա» գումարտակի հրամանատար: Իսլամական զինյալների այս հրամանատարը պատմել է, որ Իրանի աջակցությունը վայելող ասադյան աշխարհազորների փաստացի նպատակն է հասնել շիայական Ֆուա և Քֆարիա քաղաքներ:
Շիական Ֆուա և Քֆարիա քաղաքները նույնպես Աֆրինի շրջանի տարածքում են, նրանք «գտնվում են քառամյա պաշարման մեջ», շարունակում է Ջաֆալան և բաց է անում Անկարայի խուճապային տրամադրության «տուփի բերանը». պարզվում է, որ աֆրինցի շիաները պաշտպանվում են վահաբականներից ու «ընդդիմությունից», «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Սիրիայի «Ժողովրդավարական միություն» կուսակցության մեջ մտնող ահաբեկիչներին որպես վահան օգտագործելով ասադյան «Շաբիհա» (ալավիական ժողովրդական միլիցիա) ստորաբաժանումների համար: Աֆրինի պահակախումբը բաղկացած է ասադամետ շիայականների խմբերից, ինչպիսիք են «Ալ-Նուջաբան», «Լիվա ալ-Քուդսը» և «Լիվա Մոհամմադ Բաքիրը», հայտարարել է Ջաֆալան, իսկ պահակախմբի ղեկավարը «Շաբիհա» ստորաբաժանման հրամանատար Խալեդ Հասան Ալուշն է: