Սիրիայում տեղի ունեցող ռազմաքաղաքական զարգացումները, որոնք խոսում են նոր սիրիական ճգնաժամի հասունացման մասին, լրջորեն մտահոգում են Իսրայելին։ Իսրայելական լրատվական աղբյուրների համաձայն՝ օրերս Իսրայելի ղեկավարությունը դիմել է ՄԱԿ՝ Սիրիայի հետ սահմանի բուֆերային գոտում ՄԱԿ խաղաղապահ զորքերի վերատեղակայման հայցով։ Հիշեցնեմ, որ ՄԱԿ խաղաղապահ զորքերը լքել էին Գոլանի բարձունքներում տեղակայված իրենց դիրքերը այդ հատվածում ասադական ուժերի և գրոհայինների միջև ռազմական գործողությունների հետևանքով։ Դիմումում իսրայելական կողմը հայտնում է իր մտահոգությունն առ այն, որ ասադական ուժերը կարող են իրենց վերահսկողության տակ առնել ՄԱԿ իրավասության տակ գտնվող ապառազմականացված բուֆերային գոտին։ Ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ ՄԱԿ-ն արդեն արձագանքել է Իսրայելի ղեկավարության դիմումին, որում նշվում է, որ խաղաղապահ զորքերը կվերադառնան Սիրիա այն ժամանակ, երբ կարգավորվի իրավիճակն անվտանգության հարցերում։