Դեռ 2016 թ. ապրիլին նկատվել էր, որ «ապրիլյան պատերազմում» կա «գազի հետք»: Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների սանձազերծումից բառացիորեն մեկ օր առաջ, մարտի 31-ին, Իլհամ Ալիևին Վաշինգտոնում ընդունել էր ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին: Լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիին, նշել են այն գլխավոր թեմաները, որ Քերրին քննարկել էր Ալիևի հետ: ԼՂՀ-ի հարցը հիշատակվում էր միայն չորրորդը, բայց նկատելի էր, որ նրա ենթատեքստը «ծագել» է միայն առաջին երեքի կապակցությամբ:

 

Քերրին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Ադրբեջանը համարում է «առաջատարներից մեկը «Հարավային գազատար միջանցքի» ստեղծման գործում», որը «կարևոր դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման ասպարեզում»: Այնուհետև նա «ԱՄՆ-ի աջակցությունն է արտահայտել տարածաշրջանային առևտրի կենտրոնի վերածվելու Ադրբեջանի ջանքերին»: Քերրին նաև երախտագիտություն էր հայտնել «Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ասպարեզում Ադրբեջանի ներդրած ավանդի, խաղաղարար գործողություններին ցուցաբերած աջակցության և ահաբեկչության դեմ պայքարում նրա ունեցած կարևոր դերի համար»: Իսկ «Ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերը քննարկելիս Քերրին ողջունել էր Ադրբեջանի վերջին ժամանակների դրական քայլերը և հետագա առաջընթացի կոչ էր արել»:

 

Ներկայացնենք պետդեպի ղեկավարի արտահայտությունները Արցախի մասին: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև «Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման ջանքերը», ասել էր Ջոն Քիրբին. «Պետքարտուղար Քերրին հավաստել է, որ Միացյալ Նահանգները պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ընդգծել, որ իրենք անհանգստացած ենք շփման գծում և միջազգային սահմանում գործադրվող բռնության կապակցությամբ: Նա ընդգծել է մեր հավատարմությունը միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա համակողմանի կարգավորման հասնելու ուղղությամբ կողմերի հետ տարվող աշխատանքին»: Թվում է, թե միանգամայն չեզոք հայտարարություն է, որ քիչ է տարբերվում նախորդ համանման փաստաթղթերից: Բայց այդ ամենն ասվում է մարտի 31-ին, իսկ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը հարձակման է անցնում ԼՂՀ-ի ՊԲ-ի դեմ: Եվ այդ կապն անհնար է չնկատել. ստացվում է, որ Քերրին խաղաղարար հայտարարությամբ հրահրել է Բաքվի ագրեսիան, ինչպես նաև «տարածքային ամբողջականության» պաշտոնական պաշտպանությամբ:

 

Իրավիճակի բարդությունն այն է, որ խոսելով կարգավորման մասին, չի կարելի վերացարկվել այլ հայտարարություններից ու արվող գործերից, որովհետև աշխարհը 1996-ի վերջերից, այսինքն, երբ Բաքվում ադրբեջանական իշխանություններն ու Արևմուտքը ստորագրում էին տխրահռչակ «Դարի գործարքը» նավթի ու գազի վերաբերյալ, տեսել և տեսնում է, որ ԼՂ հակամարտությունը աշխարհի որոշ ուժերի համար ռազմավարական գազատար նախագծերի իրացման խնդիր է և, բնականաբար, այն տարածքների վերահսկողության, որտեղ դրանք պլանավորվում են: Իսկ «հանգամանքների բերումով» այդ տարածքները «սեղմված են» ԱՄՆ-ի ռազմավարական մրցակիցների՝ Իրանի և Ռուսաստանի միջև:

 

Այդ պատճառով չէ՞ր, արդյոք, որ պետքարտուղար Քերրին 2016 թ. սկզբում ցնծում էր «Հարավային գազատար միջանցք» ամերիկյան նախագծում Ադրբեջանի «առաջատարության» առթիվ, և հենց այդ թեմայից էլ բխում էին մնացած բոլորը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Խորամուխ լինենք այդ նախագծի հետ կապված իրադարձությունների մի շղթայի մեջ: 2016 թ. փետրվարի 29-ին Բաքվում կայացավ «Հարավային գազատար միջանցք» նախագծի կոնսուլտատիվ խորհրդի 2-րդ նիստը:

 

Փաստենք, որ դեռրևս 2016-ի մարտի 1-ին Թուրքիան հայտարարեց ամերիկյան նախագիծը պաշտպանելու մասին: Իսկ ահա Ադրբեջանի կողմից ագրեսիան սկսելու օրը, հավաքվել էին «Հարավային գազատար միջանցք» նախագծի բաժնետերերը, և նրանց անունից SOCAR-ի ղեկավար Ռովնագ Աբդուլաևը հայտարարեց, թե իրենք ծրագրում են մինչև ընթացիկ տարվա վերջ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավել մոտ 2 մլրդ դոլար, որ բանակցություններ են ընթանում ՎԶԵԲ-ի, Ասիական Զարգացման բանկի և այլոց հետ: Միջոցները կներգրավվեն 20 տարի ժամկետով՝ շատ ցածր տոկոսներով:

 

Այս երազանքները կարծես քիչ բանով են տարբերվում Nabucco-ի հետ կապված ծրագրամոլությունից, որը հաջողությամբ իր մահկանացուն է կնքել: Եվ երբ նայում ես «Հարավային գազատար միջանցքի» բաժնետերերի կազմը, ամերիկացիներ, կարծես, չկան, եթե հաշվի չառնենք «Բրիթիշ պետրոլեում» կորպորացիայի սերտ կապերը ամերիկյան վառելիքային ընկերությունների հետ. SOCAR (20 %), BP (LON:BP) (20 %), հնդկական Snam (20 %), բելգիական Fluxys (19 %), իսպանական Enagas (16 %) և շվեյցարական Axpo (5 %): Տևական աշխատանք է պետք պարզելու համար, թե ինչ ունի անելու Axpo-ն, որ հիմնականում զբաղվում է ատոմային էներգետիկայով և հիդրոէլեկտրակայաններով, գազի բիզնեսում: Բայց չէ՞ որ Nabucco-ն էլ էր հայտարարվել «հույժ եվրոպական նախագիծ», սակայն, որպես նրա գլխավոր լոբբիստ միշտ հանդես էր գալիս ԱՄՆ-ը: «Հարավային գազատար միջանցքի» պարագայում էլ իրադրությունը ճիշտ նույնն է. դա այն դեպքն է, երբ, ինչպես ասում են, բուն դերակատարը չկա, բայց «երևում են նրա ականջները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել