ՀՀ քաղաքական «գարունը» մոտ մեկ ամիս է, ինչ սկսված է: Գործող կարգի համաձայն` ընտրվելու en Հայաստանի 15-րդ վարչապետը և 4-րդ նախագահը: Վերջինիս ընտրության հարցում քաղաքացիներն այլևս անելիք չունեն, քանի որ նախագահին ընտրելու է ԱԺ-ն մարտի 2-ի նիստում: Խորհրդարանի ընտրած նախագահն իր լիազորությունները կստանձնի 2018 թվականի ապրիլի 9-ից: Այդ պահից սկսած կդադարեն Սերժ Սարգսյանի լիազորությունները, իսկ կառավարությունը` վարչապետ Կարապետյանի գլխավորությամբ, հրաժարական կտա:
Իշխող կոալիցիան անցնող շաբաթ որոշում կայացրեց Արմեն Սարգսյանին առաջադրել ՀՀ չորորդ նախագահի թեկնածու: Ա. Սարգսյանի թեկնածության առաջադրման մասին որոշման մեջ անկասկած որևէ սենսացիոն բան չկա, և սա իրադարձությունների ընթացքի տրամաբանական շարունակությունն է: Սակայն երաշխավորվա՞ծ է արդյոք Արմեն Սարգսյանի նախագահության նույն սահուն ընթացքը մինչև վերջ, թե՞ ոչ: Ըստ էության, դեպս հայտնի է, որ խորհրդարանական խմբակցություններից երեքը, բացի «Ելք»-ից, կաջակցեն Սարգսյանին:
Զուգահեռ խորհրդարանական ընդդիմությունը պնդում է, որ կարելի է «վիժեցնել» այս գործընթացը՝ դիմելով Սահմանադրական դատարան՝ պահանջով ստուգել ՀՀ խորհրդարանի կողմից նախագահ ընտրելու գործընթացի օրինականությունը: Իրավաբանների կողմից առաջ քաշված մոտեցման համաձայն` ՀՀԿ-ի օրակարգի և 2015թ.-ին ընդունված սահմանադրական փոփոխությունների միջև հակասություն կա: Նշվում էր, որ Սահմանադրություն գրողները վրիպում են թույլ տվել, և նախագահի ընտրության նոր կարգը խորհրդարանի կողմից գործող է համարվում ոչ թե 2018-ի նախագահի ընտրության ժամանակ, այլ հաջորդող նախագահների, երբ որ գործող կհամարվի նոր Սահմանադրությունը: Սակայն փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ «Ելք»-ին ուղղակի չի բավարարի ստորագրությունների քանակն այս գործընթացը սկսելու համար:
Փաստացի, մարտի 2-ին ոչ թե ավարտվում է ինչ-որ բան, այլ խաղը նոր է միայն սկսվում: Ձևավորվում է ներհամակարգային մի նոր բևեռ, և ներիշխանական խաղը դառնում է ավելի բազմադեմ ու բազմաշերտ:
Նախագահի ընտրությունն ընթանալու է հետևյալ կերպ. պատգամավորների ¼-ը կառաջադրի նախագահի թեկնածու, իսկ եթե թեկնածուն ստանա պատգամավորների ¾-ի ձայները, որը համարժեք է 75 տոկոսի, ապա տվյալ թեկնածուն կհամարվի ընտրված: Եթե որևէ թեկնածու չստանա ձայների նշված քանակը, ապա պետք է տեղի ունենա նախագահի ընտրության 2-րդ փուլը: Այս փուլում երկրի նախագահ դառնալու համար անհրաժեշտ է լինելու պատգամավորների 3/5-ի ձայները, որը համարժեք է 60 տոկոսի: Եթե ստացվի այնպես, որ նախագահը չընտրվի նաև այս փուլով, ապա տեղի է ունենում 3-րդ փուլը: Երրորդ փուլում պայքարելու են միայն երկու թեկնածուները, որոնք 2-րդ փուլում ստացել են ամենաշատ ձայները, իսկ 3-րդ փուլում նախագահ կընտրվի նա, որն ամենաշատ քվեները կստանա. այստեղ թվային շեմը հաղթահարելու խնդիր չկա: Խորհրդարանական երկրում նախագահը պաշտոնավարելու է 7 տարի ժամկետով: Փաստացի կարգը սա է, սակայն մեր պարագայում, ըստ քաղաքական ուժերի հայտնած տեսակետի, կգործի առաջին տարբերակը:
Այս ամենից հետո` ապրիլի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում, ԱԺ խմբակցությունները, Սահմանադրության 6-րդ գլխի պահանջների համաձայն, պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուին, որից հետո ԱԺ-ն պետք է ընտրի վարչապետ: Վարչապետ ընտրվելու համար անհրաժեշտ է խորհրդարանի պատգամավորների ձայների կեսից ավելին: Եթե ստացվի այնպես, որ որևէ թեկնածուի չհաջողվի ստանալ ձայների կեսից ավելին, ապա առաջին ընտրության 7-րդ օրը լրանալուց հետո տեղի կունենա նոր ընտրություն նոր թեկնածուներով: Այս պարագայում վարչապետի թեկնածու առաջադրելու է պատգամավորների 1/3-ը:
Հ.գ. Խորհրդարանի ընտրած վարչապետին նշանակում է նորընտիր նախագահը: Սահմանադրության համաձայն՝ նոր վարչապետը հինգ օրվա ընթացքում պետք է առաջադրի փոխվարչապետերի և նախարարների թեկնածուներին: