Ընթացիկ շաբաթվա ընթացքում արդեն մի շարք տարածաշրջանային լրատվամիջոցներ հաղորդել են, որ փետրվարի 10-ին Սիրիայի տարածքում իսրայելական օդուժի իրականացրած հատուկ գործողությունից հետո, որի հետևանքով խոցվել էր նաև իսրայելական F-16 տեսակի կործանիչ, տարածաշրջանը նոր վերահաս լարվածությունից, գուցե նաև պատերազմից փրկել է, ոչ ավել, ոչ պակաս, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Միջադեպից անմիջապես հետո Պուտինը զանգել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և նախազգուշացրել նրան՝ զերծ մնալ Իրանի դեմ որևէ պատասխան գործողությունից՝ գուցե նաև առաջակելով փոխշահավետ լուծումներ:

Ինչ խոսք, գուցե առաջին հայացքից փոքր-ինչ չափազանցված է թվում վերոնշյալ եզրակացությունը, այսուհանդերձ հարկ է նշել, որ փետրվարի 10-ի դեպքերը, որոնց մասին մեզանում գրեթե չխոսվեց, բավական լուրջ իրավիճակային զարգացումներ են ինչպես սիրիական հակամարտության շրջանակներում, այնպես էլ տարածաշրջանային մրցակցության համատեքստում: Մերձավոր Արևելքում ծավալվող առանձին գործընթացներին զուգակցվող քարոզչական արշավը շատ հաճախ այն աստիճանի ծավալ է ընդգրկում, որ ստվերում է բուն գործընթացների կարևորությունը:

Փետրվարի 10-ի իրադարձությունների առնչությամբ կարելի է առանձնացնել առնվազն 2 հիմնական բաղադրիչ՝
1. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) սիրիական հակամարտության ողջ ընթացքում իրականացրել է ամենազանգվածային միջամտությունը՝ խոցելով սիրիական վարչակարգին, Իրանին և լիբանանյան «Հիզբալլահին» ենթակա, ընդհանուր առմամբ, մոտ 12 թիրախ: Նախապես ծրագրված այդ ռազմական հարվածը հիմնավորելու համար իսրայելական կողմն անգամ նեկայացրել էր իրանական հարձակման բեմադրություն, իբր գործողությունն իրականացվել է Սիրիայի տարածքից իրանական անօդաչու թռչող սարքի կողմից իսրայելասիրիական սահմմանը հատելուց հետո միայն:

2. Սիրիական ՀՕՊ- համակարգերը ողջ հակամարտության ընթացքում եզակի անգամ պատասխանեցին իսրայելական գրոհին՝ խոցելով ՑԱՀԱԼ-ին պատկանող ռազմական ինքնաթիռ, ինչը նաև հոգեբանական լուրջ հարված է Իսրայելի համար, քանի որ վերջին մարտական կորուստն իսրայելական օդուժն ունեցել էր հեռավոր 1982 թ. լիբանանյան առաջին պատերազմի ընթացքում: Այս իրողությունը բավական լայն կերպով քարոզչական նպատակով շրջանառվեց իրանական և արաբական բազմաթիվ տեղեկատվական և քաղաքական շրջանակների համար:
Մինչդեռ, կասկածից վեր է, որ վերոնշյալ իրադարձությունները, որոշակի ժամանակ անց առավել լայն փաստական հասանելիության պայմաններում, լայն հնարավորություն կընձեռեն ինչպես նեղ մասնագիտական վերլուծությունների համար, այլև, վստահաբար, իրենց տեղը կգտնեն Մերձավոր Արևելքի ռազմաքաղաքական գործընթացների վերաբերյալ դասագրքերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել