Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարել է, որ այս տարվա մայիսին Թբիլիսիի մերձակայքում բացվելու է մարտական պատրաստության կենտրոն, որը նմանվելու է Գերմանիայում գտնվող Հոհենֆելսի ռազմակայանին։
Ըստ նրա՝ իրենք նախորդ տարի երկու միլիոն լարի են ուղարկել ՆԱՏՕ-Վրաստան կենտրոնի ենթակառուցվածքի բարելավմանը, ինչպես նաև 18 միլիոն լարի` Վազիանիի մարտական պատրաստության կենտրոնի շինարարությանը։ Բացի այդ՝ վրացի զինվորականները սկսելու են մարտական պատրաստություն անցնել ԱՄՆ-ի օգնությամբ Վրաստանի պաշտպանության ծրագրի շրջանակներում։
Վրաստանի ակտիվ ներգրավվումը դաշինքի հետ սերտ ռազմա-քաղաքական համագործակցության մեջ, Վազիանում ՆԱՏՕ-ի կենտրոնի ստեղծումը, վրաց-ամերիկյան զորավարժությունները Վրաստանում ՀՀ-ի ու ՌԴ-ի սահմանակից շրջաններում հանգեցնելու են ՌԴ-ի պատասխան արձագանքին: ՌԴ-ի Ազգային անվտանգության ռազմավարության մեջ ՆԱՏՕ-ի ընդլայնումը համարվում է Մոսկվայի համար ռազմական սպառնալիք դրանից բխող համապատասխան քայլերով: Աբխազիայի ու Հարավային Օսիայի գործոններն ուժեղացնելով՝ Մոսկվան ձգտելու է թույլ չտալ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Մոսկվան երբեք թույլ չի տա դաշինքի սահմանների ընդլայնումը մինչև իր անհանգիստ ու ռազմավարական առումով գերկարևոր Հյուսիսային Կովկաս:
ՌԴ-ն ուժեղացնելու է Աբխազիայում գտնվող իր ռազմակայանը ՀՕՊ ուժերով՝ նորագույն զինատեսակներով, ինչպես նաև ծովային բաղադրիչը՝ Օչամչիրայի ռազմաբազայում տեղակայելով լրացուցիչ ուժեր՝ սուզանավեր, ռազմանավեր, ինչը թույլ կտա իրականացնել Վրաստանի սևծովյան ափի վերահսկողությունն ու ծովային բլոկադան: Ղրիմում գտնվող ուժերի մի մասն այդ պահին կարող է հասնել օգնության: Մյուս կողմից Թբիլիսիից 40 կմ հեռավորության վրա գտնվող Հարավային Օսիայում նույնպես գտնվում են ռուսական զորքեր, վրաց-հարավօսական և աբխազա-վրացական սահմանները հսկում են ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերը:
Բացի այդ՝ Մոսկվայի ու Աբխազիայի միջև ստորագրվել է ռազմավարական համագործակցության նոր պայմանագիրը։ Նմանատիպ պայմանագիր է ստորագրվել նաև Հարավային Օսիայի հետ։ Թե՛ Աբխազիայում, թե՛ Օսիայում գտնվում են ռուսական ռազմաբազաները։ Նոր պայմանագիրը ենթադրում է Աբխազիայի և Ռուսաստանի միջև սոցիալական, տնտեսական փոխհարաբերությունների ընդլայնում, ինչպես նաև Աբխազիայի անդամակցում Ռուսաստանի կողմից ստեղծված ինտեգրացիոն կամ այլ կառույցներին: Պայմանագրի ամենակարևոր պահը վերաբերվում է համատեղ պաշտպանության մասին կետին, ըստ որի՝ կողմերից մեկի վրա հարձակումը նշանակում է հարձակում մյուս կողմի վրա:
Մոսկվան ստանձնում է երեք տարվա ընթացքում աբխազական բանակն արդիականացնելու պարտավորություն: Աբխազիայի և Ռուսաստանի միջև ստեղծվելու է միասնական սոցիալ-տնտեսական տարածք, իսկ Աբխազիայի բնակչության կենսամակարդակը և տարեց բնակչությանը կենսաթոշակները պետք է հավասարվեն Ռուսաստանի կենսաթոշակների մակարդակին:
Այս պահին Հարավային Օսիայի սահմանների անվտանգությունն ապահովում են ռուսական զորքերը, որոնք տեղակայվել են Հարավային Օսիայում: Ռուսական ռազմակայանները տեղակայված են Ցխինվալ քաղաքում և Ջավա ավանում: Ռուսական զորքերի թիվն այդ ռազմակայաններում հասնում է 4.000-ի: Ռազմակայանները զինված են «Տոչկա-Ու» և «Սմերչ» համակարգերով: Ցխինվալի և Ջավայի ռազմակայանները ենթարկվում են Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի հրամանատարությանը: