Իմ տպավորություններն այդ մարդու մասին միշտ էլ եղել են ու կմնան հակասական:
Մեկ անգամ ևս համոզվեցի, որ Սաակաշվիլին նոր Վրաստանի ճարտարապետն է, պատմական մի դեմք, ով փոխեց այդ պետության զարգացման ընթացքը և կոռումպացված տարածքից ստեղծեց դինամիկ զարգացող պետություն, որը հավակնում է դառնալ Կովկասի կենտրոնը, այլ հարց է, թե դրան մենք ինչպես ենք վերաբերվում:
Այդ մարդը փաստացի վերացրեց իր երկրում քաղաքական կոռուպցիան, պետական համակարգից արմատախիլ արեց կաշառակերությունը, 11 անգամ մեծացրեց իր երկրի պետական բյուջեն ու երկիր բերեց միլիարդավոր ներդրումներ, որով, ըստ էության, փոխեց Վրաստանի ողջ հասարակության դեմքն ու անձնագիրը…
Անգամ ամենավերջին ստահակն օբյեկտիվորեն չի կարող Սաակաշվիլու Վրաստանը համեմատել Շվարդնաձեի Վրաստանի հետ որևէ աղերս չլինելու պատճառաբանությամբ...
Բայց սա մեդալի միայն մի կողմն է...
Ընթերցելով գիրքը՝ մեկ անգամ ևս համոզվեցի, որ գործ ունենք մի մարդու հետ, ով այսօր քծնում է ուկրաինացիներին և ատում Պուտինին:
Նա չի սիրում հայերիս ու սիրահարված է թուրքերին:
Նրան թվում է, թե Վրաստանի և Ուկրաինայի բոլոր դժբախտությունների պատճառը Ռուսաստանն է ու անձամբ Պուտինը:
Նա համոզված է, որ այն, ինչ արել է Վրաստանում, կարող է անել նաև Ուկրաինայում:
Իմ կարծիքով՝ նա մեծամիտ է ու պրիմիտիվ: Նրա ինտելեկտուալ կարողությունները միջին մակարդակի են:
Մտովի համեմատելով մեր երկրի առաջին նախագահի հետ, ինձ՝ որպես հայի, քառակի անգամ լավ զգացի…
Բայց, այդուհանդերձ, Սաակաշվիլին մի կարևոր հատկություն էլ ունի, ինչը շատ էական է քաղաքական գործչի ու առաջնորդի համար. նա տեսլական ու պետության ապագայի հանդեպ իր ուրույն պատկերացումն ունի, այլ հարց, թե դա որքանով է ռացիոնալ ու համարժեք, նա համառ է, պնդաճակատ, նպատակասլաց, սիրում է իրեն և իր գործը…
Նա մի գործիչ է, ով պոստխորհրդային տարածքում գծեց սեփական ձեռագիրն ու կերտեց նոր պատմություն…
Նա ինչ արել է, արել է հանուն իր երկրի, հանուն Վրաստանի հասարակության, և բնական է, որ այդ գործունեության ընթացքում նրա դրսևորած վարքագիծը կարող էր հակասել Հայաստանի ու հայ ժողովրդի պետական ու ազգային շահերին…
Միամտություն է կարծել, թե որևէ այլ երկրի ղեկավար կարող է սպասարկել մեր շահերը…
Ժամանակն է, որպեսզի մենք դուրս գանք այս ինքնախաբեության ծիրից և ցուցաբերենք իրապես պրագմատիկ վարքագիծ…
Ի սե՛ր Աստծո, թո՛ղ Վրաստանն ու Սաակաշվիլին չլինեն մեզ համար օրինակ, բայց համաձայնե՛ք, մեզ էլ է ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ պետք, իմ երազի Հայաստանը…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=760158790852761&set=a.113512298850750.1073741828.100005759414165&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել