Սիրիայի տարածքում քրդերի դեմ Թուրքիայի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունների հարցում կա շահերի մասնակի կամ իրավիճակային համընկնման հնարավորություն Իրան-Սիրիա տանդեմի և մյուս կողմից Իսրայելի միջև։ Հայտնի է, որ Իսրայելը շարունակում է բազմակողմանի աջակցություն ցուցաբերել տարածաշրջանի քրդական շարժումներին, և պաշտոնական Անկարայի կողմից ռազմական գործողությունների նախաձեռնումը Սիրիայի քրդերի դեմ տրամաբանորեն շահավետ սցենար չի ընկալվում Թել-Ավիվի կողմից նամանավանդ թուրք-իսրայելական լարված հարաբերությունների համատեքստում։ Ավելին՝ Իրանն իր հերթին է մտահոգված Սիրիայի տարածք թուրքական ռազմական ներխուժման հետ կապված, և արդեն որոշակի կիրառական քայլեր են ձեռնարկվում ստեղծված իրավիճակին համարժեք հակազդման ուղղությամբ. այդ համատեքստում նշեմ, որ արդեն ուղղակի ռազմական բախումներ են սկսվել Սիրիայի տարածքում սիրիական և թուրքական զինված ուժերի միջև։ Ստեղծված իրադրությունում կարևոր է հասկանալ, թե որքանով կողմերը կկարողանան օգտագործել շահերի իրավիճակային համընկնման այդ հնարավորությունը, կամ կկարողանա՞ն արդյոք օգտագործել այն առհասարակ, թե ոչ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: