Արդեն օրեր շարունակ Մերձավոր Արևելքից ստացվող գլխավոր տեղեկությունները Սիրիայի Աֆրինի շրջանի քրդերի դեմ Թուրքիայի սանձազերծած «Ձիթենու ճյուղ» պատժիչ գործողության մասին են: Շատերը հասկանում կամ գուշակում են, որ աշխարհը բախվել է ամենաբարձր մակարդակի լուրջ դավադրության:
Ի՞նչ նպատակ և կոնկրետ ո՞վ է հետապնդում՝ դժվար է հասկանալ՝ բացի Թուրքիայի դիրքորոշումից: Իրաքյան Քրդստանում «անկախության» ձախողումից հետո թուրքերը, ինչպես ասում են, «օր-օրի» սպասում էին, որ «անկախ Քրդստան» հռչակելու և ստեղծելու հաջորդ փորձերը կլինեն արդեն ժամանակակից Թուրքիայի ժամանակակից տարածքում` Արևմտյան Հայաստանում ու Միջագետքում: Եվ դրա միակ հենակետը Սիրիայի այն տարածքներն են, որոնք գտնվում են քրդերի վերահսկողության ներքո: Ինչո՞ւ թուրքերը չէին երկյուղում Իրաքի քրդերից: Որովհետև Իրաքի քրդական տարածաշրջանային կառավարության (KPG) նախկին նախագահ Մասուդ Բարզանին «աշխատում» էր ԱՄՆ-ի և Իսրայելի պլանների շրջանակներում, այն է՝ քրդական անկախությունն օգտագործել ընդդեմ Իրանի, և բացի այդ՝ Բարզանին շատ-շատերի մոտիկ ընկերն է ժամանակակից թուրքական վերնախավում: Բարզանին բազմիցս է դա ապացուցել՝ Անկարայի հետ համաձայնեցված կարգով Հյուսիսային Իրաքում ձեռնարկելով Թուրքիայի հետ սահմանային իրաքյան Կանդիլի լեռներում «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) մարտիկների ու ճամբարների դեմ ուղղված միջոցներ:
Հենց Անկարայի երկյուղները նկատի առնելով՝ թուրքերի այսօրվա անպատժելիությունը հասկանալու բանալին պետք է որոնել անցած տարվա նոյեմբերի մեջ և ոչ թե այն բանում, որ ռազմական գործողություններն սկսվելուց մի քանի օր առաջ Թուրքիայի պաշտպանության նախարարության և MIT հատուկ ծառայության պատվիրակությունը եղավ Մոսկվայում և խորհրդակցություններ անցկացրեց: 2017 թ. նոյեմբերին Անկարան մի քանի օրվա մեջ նախ ՆԱՏՕ-ին սպառնաց վերանայել հարաբերությունները, ապա մի քանի օրից ինքն իրեն բացառեց` հայտարարելով, որ «նման բան չկա»: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, իր իտալացի պաշտոնակից Անջելինո Ալֆանոյի հետ հանդես գալով Հռոմում կայացած մամուլի համատեղ ասուլիսում, Եվրոպային և ՆԱՏՕ-ին հավաստիացրեց, որ Անկարան նրանց հետ մերձեցման ուղով է ընթանում:
Հարկ է նաև նշել, որ YPG կազմակերպության փեշմերգայի ջոկատների հենց երկակի բնույթն է, որ հիմա հիմքեր չի տալիս պնդելու, թե ամերիկացիները հատկապես ում են տվել զենիթահրթիռային համալիրները, եթե իհարկե տվել են: Եթե տվել են և այն էլ՝ «իրենց քրդերին», այդ դեպքում, հավանաբար, պայմանով, որ քրդերը դրանք չեն օգտագործի «ամերիկյան կոալիցիայի» երկրների ավիացիայի դեմ: Իսկ Թուրքիան հենց այդ երկրներից է: Ստացվում է, որ ամերիկացիները զենիթահրթիռային համալիրները քրդերին կարող էին տալ պայմանով, որ նրանք կկրակեն միայն Սիրիայի ավիացիայի և ՌԴ ռազմատիեզերական ուժերի վրա, որովհետև, բացի «ամերիկյան կոալիցիայի» երկրների ավիացիայից, Սիրիայի երկնքում թռչում են միայն Սիրիայի ռազմաօդային ուժերի և ՌԴ ինքնաթիռները: Անգամ իսրայելական ավիացիան, երբ հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքին, ջանում է չխախտել Սիրիայի օդային սահմանները. իսրայելցիները Սիրիայի տարածքի վրա գրոհում են Լիբանանի օդային տարածքից: Դրա համար չէ՞ արդյոք Ռուսաստանը, որը կարծես չէր հակառակվում Աֆրինի քրդերի դեմ Թուրքիայի պատժիչ գործողությանը, արդեն մեղադրել ԱՄՆ-ին, որ թուրք-քրդական ներկա ռազմական գործողությունները հրահրել է Վաշինգտոնը:
Հունվարի 22-ին ԱՄՆ-ի Պնախարար Ջեյմս Մետիսը Հարավարևելյան Ասիա կատարած ուղևորության ժամանակ ինքնաթիռում լրագրողներին խոստովանել էր, որ Թուրքիան ԱՄՆ-ին իրազեկել էր Վաշինգտոնի աջակցությունը վայելող քրդական կազմավորումներին հարվածելուց առաջ:
Ըստ էության, այս բոլոր վայրիվերումներին տեղյակ է նաև Սիրիան, թեև Բաշար Ասադն արդեն կտրականապես արտահայտվել է Թուրքիայի դեմ և մեղադրել է ոչ միայն ագրեսիայի, այլև ահաբեկիչներին օժանդակելու մեջ: Ամեն ինչի մասին գիտի նաև Իրանը, որը դեկտեմբերի վերջին ցույց տվեց «կարմիր գիծը»՝ նշելով, որ այսուհետև Լիբանանի, Սիրիայի և Իրաքի պաշտպանությունը համարժեք է Իսլամի և Իրանի պաշտպանությանը: Սակայն ո՛չ Սիրիան, ո՛չ Իրանը և նրա շիադավան դաշնակիցները բացահայտորեն չեն շտապում Աֆրին: