Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ բնապահպանության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին, հայտնում է ՀՀ կառավարության աշխատակազմի լրատվական ծառայությունը:
Նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցել է, որ 2017 թ. կառավարության գործունեության ծրագրով նախատեսված 21 միջոցառում իրականացվել է սահմանված ժամկետում, 17-ի վերաբերյալ կա արդեն կառավարության համապատասխան որոշում, 4-ը շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկման փուլում են: 2017 թ. ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը 180 օրից կրճատվել է 50 օրի: Սևանա լճի ջրի որակն էական փոփոխության չի ենթարկվել, և արձանագրվել է լուրջ ձեռքբերում՝ թափանցիկությունը 13 մ է հասել. նման ցուցանիշ բնորոշ է եղել մինչև խորհրդային ժամանակաշրջանում ջրի բացթողման սկիզբը: Որոշ տեղերում ռիսկային ցուցանիշներ են գրանցվել:
Վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ եթե մշտադիտարկումների արդյունքում արձանագրված ցուցանիշները և վիճակագրությունը որոշակի մտահոգիչ ազդակներ են հաղորդում, ապա իրավիճակը փոխելու համար պետք է ընդունվեն համապատասխան գործողություններ իրականացվեն: «Պետք է հստակ որոշել քայլերի հաջորդականությունը, որպեսզի մոնիթորինգն ինքնանպատակ գործընթաց չլինի: Չէ՞ որ մոնիթորինգ իրականացնում ենք, չափում ենք, որ ինչ-որ բան փոխենք»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հանձնարարելով բնապահպանության նախարարին տեղեկատվություն ներկայացնել 2014-2017 թթ. մշտադիտարկումների արդյունքների հիման վրա ձեռնարկված քայլերի, միջգերատեսչական աշխատանքի վերաբերյալ:
Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը զեկուցել է 2017թ. շրջակա միջավայրի պահպանության ոլորտում միջազգային համագործակցության, դրամաշնորհների և Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին. Կանաչ կլիմայի հիմնադրամի հետ կնքվել է ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի պայմանագրեր, իրականացվում է 22 բնապահպանական Կոնվենցիաների և արձանագրությունների սպասարկում: Բանակցություններ են ընթանում Գերմանական զարգացման KfW բանկի կողմից 21.7 մլն եվրո գումարի չափով կենսաբազմազանության և անտառների ոլորտի աջակցման դրամաշնորհի և FAO-ի հետ 28 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի վերաբերյալ, «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» աջակցություն է ցուցաբերվել 32 համայնքի, իրականացվում է դրամաշնորհային միջոցները բյուջե ուղղելու գործընթաց, կատարվում է ԵՄ-ՀՀ ասոցացման համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 8 տարում ՀՀ բնապահպանական և կլիմայական 3 տասնյակ կարգավորումների մոտարկում և այլն:
Կարևորելով դրամաշնորհների ծախսման արդյունավետության և հասցեականության բարձրացումը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր ծրագիր, այդ թվում՝ դրամաշնորհային, պետք է կիրառական արդյունք տա:
Նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է 2017 թ. էկոտուրիզմի ոլորտում ընթացիկ ցուցանիշները և 2018 թ. անելիքները: Զեկուցվել է, որ 2017 թ. ընթացքում բնության հատուկ պահպանվող տարածքներ այցելել է 549128 զբոսաշրջիկ, որի արդյունքում ստացված եկամուտը կազմել է 226,77 մլն դրամ:
Հայաստանի բնության թանգարանում տեղադրվել է Էկոտուրիզմի տեղեկատվական տաղավարը, որը 2018 թ. կհյուրընկալի զբոսաշրջիկներին: Կարապետյանը հանձնարարել է շարունակել աշխատանքը «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման ռազմավարության մշակման շուրջ, ինչպես նաև ներկայացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի զարգացման ծրագիր:
Խաչիկ Հակոբյանը տեղեկատվություն է ներկայացրել Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների ոլորտում իրավիճակի և զարգացումների վերաբերյալ. Միայն ձկնաբուծական տնտեսությունների մասով արձանագրվել է 23 տոկոս ջրախնայողություն:
Վարչապետին զեկուցվել է նաև անտառային ոլորտի բարեփոխումների ընթացքի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառուցվածքային փոփոխությունների մասին: «Ամեն ՊՈԱԿ-ի տնօրեն պետք է իր համար հորիզոն ունենա՝ ինչ է անում. եթե ինքը շուկայում տեղ գրավելու հնարավորություն ու ներուժ ունի, մենք իրեն հստակ ասում ենք, թե որ ուղղությամբ շարժվի», - ասել է կառավարության ղեկավարը: Անդրադառնալով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բարեփոխումներին՝ վարչապետը նշել է. «Մենք տրամադրված ենք ու «Հայանտառ»-ն անպայման դարձնելու ենք շահութաբեր, ուժեղ կառույց, ընդ որում՝ շահութաբեր, ուժեղ կառույց դարձնելու դեպքում բնապահպանական որևէ նորմ չի խախտվելու»: