Առաջին անգամ Խորհրդային Միության փլուզումից հետո Միացյալ Նահանգների քաղաքական շրջանակներում տեղի է ունենում ռուս-ամերիկյան հարաբերությունների նորովի իմաստավորման փորձ: Ամերիկյան արտաքին քաղաքականության վերջին տարիների բացահայտ անհաջողությունները, ինչպես նաև այն փաստը, որ մի շարք հարցերում ԱՄՆ-ը ներկայումս զգում է Ռուսաստանի աջակցության կարիքը, ակտուալացրել են այդ հարաբերությունների վերիմաստավորումը, ինչը երկար ժամանակ ամերիկյան քաղաքական էլիտային անհանգստացնող հարցերի շրջանակից դուրս էր:

 

Անշուշտ, սառը պատերազմն ավարտվեց ՌԴ պարտությամբ, ինչի հետևանքներն ունեցան նաեւ այնպիսի արտահայտություններ, ինչպիսին է հաղթող կողմի ռազմական ներկայությունը պարտվողին նախկինում պատկանող տարածքներում: Դ.Սայմսը գրում է, որ ամերիկյան զինվորները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղակայվեցին Գերմանիայում և Ճապոնիայում` օկուպացնելով այդ երկրները, ինչը տեղի չունեցավ սառը պատերազմի ավարտից հետո: Սակայն նա մոռանում է նշել, որ այն ժամանակ ո՛չ Գերմանիան և ո՛չ էլ Ճապոնիան չունեին միջուկային զենքի հսկայական զինանոց, որի առկայությունն անհնար կդարձներ որևէ այլ տիպի գլոբալ պատերազմ, բացի դրա «սառը» տարբերակից: Սառը պատերազմի ավարտից հետո Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների ռազմական խարիսխներն ու ստորաբաժանումները տեղակայվեցին Խորհրդային Միության և նրա դաշնակից երկրների տարածքներում: Դժվար է ենթադրել, որ այս ամենը հայտնի չէ ամերիկյան փորձագետին, ուստի միակ եզրակացությունը, որն իրական իմաստ է ստանում, այն է, որ նա իր բավական մեծ արձագանք ստացած աշխատության մեջ փորձում է նոր գաղափարական մոտեցում առաջարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների համար:

 

Ռուսաստանի նկատմամբ տնտեսական նոր պատժամիջոցներ սկսելու մասին Կոնգրեսի կայացրած որոշումից հետո նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե հարաբերությունները երկու գերհզոր պետությունների միջև հայտնվել են «վտանգավոր ցածրմակարդակի վրա»։ Սակայն Թրամփը ստիպված էր հաստատել Կոնգրեսի որոշումը, քանի որ, ասում է սենատորներից Քրիս Քուունզը, այն ձայների ճնշող մեծամասնությամբ էր անցել և՛ Սենատում և՛ Ներկայացուցիչների պալատում։

 

Նախկին պատժամիջոցներն արդեն իսկ ճահճացրել էին Ռուսաստանի տնտեսությունը և այսօր էլ չկա տնտեսության աճի որևէ նշան: Նոր պատժամիջոցները կարող են է՛լ ավելի վատթարացնել իրավիճակը, ասում է նա։ Ու հակառակ դրան, նրա խոսքերով, ռուսները չեն հրաժարվի Ղրիմից, ոչ էլ՝ արևելյան Ուկրաինայում միջամտությունից։

 

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հունվարի 30-ին Կոնգրեսին է ներկայացրել այսպես կոչված «կրեմլյան զեկույցը»՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատը ներկայացնող ռուսաստանցի այն պաշտոնյաների, գործիչների, գործարարների ցուցակը, որոնց նկատմամբ կարող են սահմանվել ամերիկյան պատժամիջոցներ:

 

Ցուցակն ընդգրկում է 210 հոգու անուն: Ըստ էության, ներառված են ՌԴ կառավարության գրեթե բոլոր անդամները, նախագահի աշխատակազմի աշխատակիցները, այլ «բարձրաստիճան քաղաքական ղեկավարներ», խոշոր գործարարներ և օլիգարխներ:

 

Պուտինն այս քայլը որակել է «ոչ բարեկամական գործողություն»՝ ավելացնելով, թե իրականում այդ ցուցակի մեջ ընդգրկվել են բոլոր ռուսաստանցիները՝ 140 միլիոն բնակչությունը: Ռուսաստանցի փորձագետների մի մասը կարծում է, թե ամերիկացիները այս քայլով փորձում են ազդել առաջիկայում Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունների վրա, մյուսներն ասում են, թե ԱՄՆ-ը «պալատական հեղաշրջում» է ծրագրում Ռուսաստանում, քանի որ «գունավոր հեղափոխություններն» այլևս էֆեկտիվ չեն: Բոլոր դեպքերում պատժամիջոցներին Ռուսաստանում շատ լուրջ են վերաբերվում՝ տարակուսելով, թե ինչպե՞ս կարելի է դիմագրավել ամերիկյան հզոր ֆինանսական մեքենային:

 

Հայաստանցիներիս համար առավել կարևոր հարցն այս համատեքստում, իհարկե, այն է, թե ամերիկյան պատժամիջոցների քաղաքականությունն ինչպե՞ս կարող է ազդել Ռուսաստանի հետ սերտ կապեր ունեցող երկրների և մասնավորապես Հայաստանի քաղաքականության և տնտեսության վրա՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները և Կրեմլի ազդեցությունը մեր երկրում: Եվ այստեղ խոսքն ավելի գլոբալ և ռազմավարական ազդեցությունների մասին է, ոչ թե պարզապես Ռուսաստանում բնակվող հայազգի որոշ խոշոր գործարարներին ամերիկյան պատժամիջոցների ցուցակում ընդգրկելու հեռանկարի մասին, թեկուզև նրանք սերտորեն առնչվում են հայաստանյան իրականությանը և քաղաքական վերնախավին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել