Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում այսօր հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Կարեն Կարապետյանի առաջին հանդիպումը խորհրդատվության ոլորտում «Մեծ եռյակ»-ի ընկերություններից մեկի՝ «Բի Սի Ջի» (Boston Consulting Group, BCG) ընկերության նախագահ Հանս-Պոլ Բյորների հետ էր:
Հանդիպմանը քննարկվել են «Բի Սի Ջի» ընկերության և «Բի Սի Ջի Դիջիթլ Վենչուրս» ընկերության հետ համագործակցության հեռանկարները: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը կարող է հետաքրքիր լինել ընկերության համար՝ ինչպես որպես առանձին երկիր, այնպես էլ որպես տարածաշրջանային շուկաներ մուտք գործելու հարթակ՝ նշելով, որ լինելով ԵԱՏՄ անդամ, Հայաստանն օգտվում է նաև Եվրամիության GSP+ արտոնյալ ռեժիմից, իսկ հարևան Իրանի հետ սահմանին ստեղծվում է Մեղրի ազատ տնտեսական գոտին, որը գործակցության նոր հնարավորություններ կարող է բացել: Զրուցակիցներն անդրադարձել են փոխգործակցության հեռանկարային ուղղություններին:
«Մեծ եռյակ»-ում, բացի «Բի Սի Ջի»-ից, ընդգրկված են նաև McKinsey և Bain & Company ընկերությունները: Ներկայումս «Բի Սի Ջի» ընկերությունը գրասենյակներ ունի 50 երկրում:
Վարչապետի մյուս հանդիպումը «ՎԵՈՆ» (VEON) ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիեի և արտաքին կապերի ղեկավար Մարկ Մաքգանի հետ էր:
Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը գնահատում է «ՎԵՈՆ»-ի հետ հաստատված համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ ընկերությունը կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում և կավելացնի ներդրումների ծավալը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող Թվային օրակարգին՝ ընդգծելով դրա կարևորությունը երկրի տնտեսության զարգացման համար:
ՎԵՈՆ-ի ներկայացուցիչները նշել են, որ բավարարված են 2017 թվականի արդյունքներով, և իրենց ծրագրերը Հայաստանում շարունակական են լինելու:
«Մենք լավատեսությամբ ենք նայում Հայաստանին ու տարածաշրջանին, և կարծում ենք, որ այն ավելի գրավիչ է դառնում օտաերկրյա ներդրողների համար», - նշել է Ժան Իվ Շարլիեն՝ տեղեկացնելով, որ մոտ ժամանակներս կրկին կայցելի Հայաստան: