«Գյուղատնտեսության ոլորտը մեր կառավարության ուշադրության կենտրոնում է, և մենք արդիական, շահութաբեր և արդյունաբերական գյուղատնտեսությանուն ունենալու համար, մի շարք ծրագրեր ենք իրականացնում»,-այս մասին «Ռիա Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետի խոսքով, ստեղծվելու են նոր ինտենսիվ այգիներ, ջերմոցներ ու անցում կկատարվի կաթիլային ոռոգման նոր համակարգին: Կլինեն նաև պետական աջակցությամբ մատչելի և բոլորին հասանելի գյուղատնտեսական վարկեր:
«Բացի այդ նախատեսվում է հակակարկտային նոր կայանների տեղադրում, որոնք աստիճանաբար պետք է ծածկեն հանրապետության ողջ տարածքը, և այս ամենը կարտացոլվի Ռուսաստան արտահանվող ապրանքների վրա, որը դինամիկ աճում է»,- նշել է վարչապետ Կարապետյանը:
Արտահանման խնդիրների հետ կապված, վարչապետը նշել է, որ դրանք հիմնականում կապված են Վերին Լարսում իրականացվող լոգիստիկայի հետ:
«Այդ խնդիրները առավելապես տեխնիկական բնույթ են կրում և կապված են եղանակային պայմանների և սեզոնային ծանրաբեռնվածության հետ»,- նշել է նա՝ հավելելով, որ ներկա պահին քննարկվում են լոգիստիկայի այլընտրանքային տարբերակներ:
«Միաժամանակ աշխատանք է տարվում, որպեսզի հայկական արտադրանքն ավելի շատ ցուցադրվի տարատեսակ էքսպոներում և ցուցահանդեսներում, որոնք նպաստում են արտահանման ծավալներին և նոր շուկաների ներգրավմանը»,- ասել է վարչապետը: