ՀՀ քաղաքական դաշտի ամենաէքսցենտրիկ դեմքերից մեկը` Զարուհի Փոստանջյանն, իր վարքագծով և գործելաոճով միշտ առանձնացել է դաշտում առկա քաղաքական դեմքերից, իսկ ԱԺ ընտրությունները տապալելուց հետո նա ընդհանրապես կորցրեց իրականության զգացումը: Տարօրինակ «Երկիր ծիրանի» կուսակցությունը հիմնելով՝ իր ոչ պակաս անադեկվատ կուսակցականների հետ նա փորձում է իպրովիզացիոն յուրահատուկ քաղաքականության շնորհիվ անընդհատ լինել ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:
Ամիսներ առաջ «Համազգային ընդվզում» նախաձեռնելու ծրագրով հանդես եկած Փոստանջյանը նախ շրջեց հայաստանյան մարզերով, զրուցեց շարքային քաղաքացիների հետ՝ փորձելով ակտիվացնել նրանց և փողոց դուրս բերել: Ապա որոշեց, որ նման շրջագայություն պետք է կատարի սփյուռքում, նախևառաջ՝ ամենամեծ հայկական համայնքում՝ Լոս Անջելեսում: ԱՄՆ-ում գործող պրոսասնածռական «Հայոց համաժողով» հեռուստածրագրին Զարուհին խուսափել է մասնակցել, թեպետ իր համախոհի միջոցով հենց ինքն է առաջարկել, որ իրեն հրավիրեն հեռուստածրագրի տաղավար։
Փոստաջյանն իր քայլերը բնորոշում է այսպես՝ համահայկական այս նոր պայքարը հնարավորություն կտա ազատվելու այսօրվա գործող իշխանություններից, ինչին էլ միտված է «Երկիր ծիրանի» կուսակցության գործունեությունը:
Նախօրեին վրացի սահմանապահներն արգելել են Փոստանջյանին մուտք գործել Վրաստան: Փոստանջյանը հատել է Հայաստանի «Բավրա» անցակետը, սակայն վրացական «Նինոծմինդա» անցակետում տեղի աշխատակիցներն ասել են, որ Փոստանջյանի մուտքն արգելված է:
Փոստանջյանը փորձել է ճշտել արգելքի պատճառները, սահմանապահները նրան մի գրություն են փոխանցել, որում որպես արգելքի պատճառ նշված է «օրենքով նախատեսված այլ դեպքերը»` առանց մանրամասների:
Կատարվածից կարող ենք եզրակացնել, որ Փոստանջյանի արկածախնդիր քաղաքականության մասին վրաց իշխանությունները փայլուն տեղյակ են եղել, և հայ-վրացական հարաբերություններում ավելորդ լարվածությունից խուսափելու համար կանխել են Զարուհու մուտքը վրացական սահմաններից ներս:
Դեռևս անտիկ աշխարհում Պլատոնն էր պարբերաբար կրկնում, որ քաղաքականությունը դառնում է վտանգավոր և անկանխատեսելի, երբ դրանով սկսում են զբաղվել կոշկակարներն ու հացթուխները: