Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, Կառավարության ղեկավարը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել առողջություն, երջանկություն, սեր, խաղաղություն և ջերմություն նրանց ընտանիքներին: «Մենք բոլորս երազում ենք մեր երկիրը տեսնել ավելի լավը և ավելի ուժեղ, ու այդ գործում դուք չափազանց կարևոր և անհրաժեշտ առաքելություն ու պատասխանատվություն ունեք: Դուք կարող եք մատնանշել հասարակությանը հուզող հարցերը, ախտորոշել խնդիրները, ֆիքսել նեղ տեղերը և ինչու ոչ՝ նաև լուծումներ առաջարկել: Դուք կարող եք մեր քաղաքացիներին խրախուսել լավ գործերի, ոգևորել նրանց, հերոսացնել, քաղաքացու ճիշտ կերպար ստեղծել, կարող եք մասնագիտական բանավեճի մեջ ձևավորել նոր մշակույթ, բայց նաև կարող եք հակառակն անել, չուզելով՝ դեմոտիվացնել ազնիվ և հայրենասեր մարդկանց:
Մի օրինակ եմ ցանկանում բերել, որը մենք հաճախ կիրառում ենք հարկայինի հետ, երբ քննարկում ենք որոշակի գործողություններ, որոնք վերջինս մտադիր է անել ոչ օրինապահ դաշտում աշխատող, հարկերից խուսափող պոտենցիալ հերոսի հետ: Միշտ ասում ենք՝ պատկերացրու, որ հերոսդ ոչ թե հարկերից խուսափողն է, այլ «սպիտակ դաշտում» աշխատող օրինապահ բիզնեսմենը, ու եթե քո այդ կանոնները և գործողությունները նրան նեղություն են պատճառելու, անկախ նրանից, որքան հրապուրիչ լինեն սպասելիքները, մենք այն չենք կիրառում: Կարծում եմ՝ այս մոտեցումը կարելի է նաև ձեր առօրյա կյանքում կիրառել:
Մեր այսօրվա կյանքն այնպիսին է, որ իմ կարծիքով, պրագմատիզմը, ռացիոնալ մտածելակերպը, պոպուլիզմից հեռու լինելն անհրաժեշտություն է և պետք է դառնա կյանքի նորմ: Լավագույն քարոզիչները կարող եք դուք լինել, եթե այդ ցանկությունը լինի, որովհետև ամենամեծ ազդեցությունն այդ դաշտի վրա ունեք դուք:
Կառավարությունը չափազանց շահագրգռված է և պատրաստակամ մեդիա աշխարհի հետ ձևավորել կոմունիկացիայի նոր կանոններ և նոր բովանդակություն տալ: Այդ առումով, եթե ձեր կողմից լինի նման ցանկություն՝ մենք չափազանց ուրախ կլինենք:
Նոր տարվա շնորհավորանքի այս խոսքն ասելիս, ճիշտն ասած, չեմ թաքցնում, հույս ունեմ, որ այն նստվածք կթողնի, և երբ դուք Նոր տարին ձեր ընտանիքի, երեխաների, մեծերի, բարեկամների հետ դիմավորեք, ոգևորեք մեկդ մյուսին, գրկեք, ջերմություն ստանաք ոը հետո անցնեք առօրյա կյանքին՝ հնարավոր է մեկ -մեկ այն վերհիշեք: Շնորհավոր ձեր Նոր տարին, լավ եղեք, լավ տոնուս ստացեք այս տոներին, որովհետև շատ բաներ ունենք անելու և ես, իհարկե, համոզված եմ, որ մենք ունենալու ենք այնպիսի երկիր, որով բոլորս հպարտանալու ենք»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և լուսաբանելու համար ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչների և պետական գերատեսչությունների մամուլի պատասխանատուների Կարեն Կարապետյանը խրախուսել է Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել