Տարբեր երկրներում Ամանորը նշում են յուրովի: Ամեն ժողովուրդ ունի դարերից եկած իր ավանդույթները, իր յուրահատուկ զարդարանքները, կերակրատեսակները և այլն: Ահա, թե ինչպես են տարբեր երկրներում մարդիկ նշում Ամանորը:

Ճապոնիա

Ճապոնիայում Ամանորը սկսվում է զանգերի 108 ղողանջից հետո, որոնցից յուրաքանչյուրը, ըստ ավանդության, վերացնում է մարդկային մեկ թերություն: Ճապոնացիները կարծում են, որ ծիծաղը հաջող ու երջանիկ տարվա գրավականն է, այդ իսկ պատճառով էլ նոր տարվա հենց առաջին րոպեներին լիաթոք ծիծաղում են: Ամանորյա գլխավոր զարդարանքը բամբուկներն են, որոնք համարվում են հավատարմության, հաավերժության ու երջանկության խորհրդանիշ: Լուսաբացին արևի առաջին շողերի ներքո ճապոնացիները դուրս են ելնում և սկսում շնորհավորել ու նվերներ փոխանցել միմյանց:

Անգլիա

Հին անգլիական հեքիաթների հիման վրա Անգլիայում Ամանորի գիշերը երեխաների համար հատուկ բեմադրություններ են կազմակերպում: Մինչ քնելը երեխաները սեղանների վրա ափսեներ են դնում, որպեսզի Սանտա Կլաուսն իրենց համար նվերներ դնի դրանց մեջ, իսկ կոշիկների մեջ Սանտայի եղնիկների համար կեր են թողնում: Ողջ տարին համերաշխ և երջանիկ անցկացնելու համար բոլոր սիրահարները համբուրվում են ամանորյա ղողանջների ներքո:

Ֆինլանդիա

Ամանորյա ավանդական կերակուրները Ֆինլանդիայում սալորի կիսելն ու բրնձի շիլան են: Ձմեռ պապին այս երկրում կոչում են Joulupukki, ով նախկինում ամանորյա նվերները բերելիս գալիս էր երկար ճիպոտով և տուն մտնելիս հարցնում. «Արդյոք այս տանը խելոք երեխաներ կա՞ն»: Մեր օրերում նման կերպով երեխաներին վախեցնելն այլևս չի գործում Ֆինլանդիայում. փոքրիկները ստանում են միայն իրենց երազած նվերները:

Ֆրանսիա

Ֆրանսիայում ամանորյա նվերներ փոխանակելիս մարդիկ այնքան էլ ազատ չեն. այստեղ գործում են որոշակի խիստ կանոններ: Օրինակ՝ կնոջն Ամանորին օծանելիք նվիրելու իրավունք ունի միմիայն ամուսինը: Այլ տղամարդուց օծանելիք ստանալն անհարկի է Ֆրանսիայում:

Էկվադոր

Երբ հնչում են ամանորյա զանգերը, էկվադորցիները տան պատուհանից դուրս են նետում ջրով լի մեծ բաժակ, որպեսզի դրա հետ մեկտեղ տանից դուրս գան նաև անցյալ տարվա դժբախտությունները: Ամանորյա գիշերը յուրաքանչյուր էկվադորցի մի նպատակ ունի. եթե որևէ մեկը ցանկանում է ողջ տարին անցկացնել ճանապարհորդելով, ապա պետք է զանգերի հնչելու ընթացքում ճամպրուկը ձեռքին շրջի տանը: Եթե ցանկանում են երջանկանալ, ապա կարմիր երանգներով ներքանազգեստ են կրում, իսկ եթե հարստանալ, ապա դեղին երանգներով:

Իսպանիա

Իսպանացիների համար Ամանորը մեծ տոն է: Գիշերը նրանք շտապում են կենտրոնական հրապարակ, որպեսզի Ամանորը դիմավորեն գլխավոր տոնածառի մոտ: Ամանորյա ղողանջների հնչելու ընթացքում իսպանացիները պետք է հասցնեն ուտել խաղողի 12 հատիկ, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է գալիք տարվա ամեն մի ամիսը: Եթե հասցնում են ուտել 12 հատիկ, ապա նրանց ամենամեծ երազանքը եկող տարում իրականություն է դառնալու: Իսպանացիները սա անում են ոչ միայն գլխավոր տոնածառի մոտ, այլ նաև տանը: Յուրաքանչյուրի տոնական ափսեի մեջ դրվում է խաղողի 12 հատիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել