«Այսօր երկու փաստաթուղթ ենք ստորագրելու՝ «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում» ծրագրի 2-րդ փուլի համար նախատեսվող վարկային համաձայնագիրը և «Գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի» համար նախատեսվող դրամաշնորհային համաձայնագիրը: Վերջինիս ներդրումը մեծապես կնպաստի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը»,- այս մասին հայտնել է վարչապետ Կարեն Կարապետյանն՝ այսօր Վերականգնման վարկերի բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետն առաջարկել է KfW-ին՝ դիտարկել նաև պետություն-մասնավոր հատված ձևաչափով համագործակցության ընդլայնման և մասնավոր հատվածում ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները՝ նշելով, որ միջազգային դոնոր կառույցների հետ նման ձևաչափով գործակցության հաջողված օրինակներ արդեն կան Հայաստանում:
KfW տարածաշրջանային տնօրենն արդյունավետ է գնահատել մեր երկրի հետ իրականացվող ծրագրերը և կարևորել ստորագրվելիք համաձայնագրերի նշանակությունը համագործակցության հետագա զարգացման տեսանկյունից:
«Ամբողջ աշխարհում մեր պորտֆելում դուք առաջին երկիրն եք, որը գնում է գյուղատնտեսության ապահովագրության ճանապարհով: Մենք գիտենք, որ Հայաստանում փոքր ֆերմերները բավական լուրջ վնասներ են կրում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, և այս ծրագրի գաղափարը հենց պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափում գործելն է», - նշել է Օլաֆ Զիմելկան:
Աղբյուրի հաղորդմամբ՝ առաջին համաձայնագրի շրջանակում իրականացվելիք ծրագիրն իր բնույթով եզակի է. ՀՀ և ԳԴՀ կառավարությունները համատեղ առաջին անգամ համամասնական սկզբունքով կաջակցեն ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողներին՝ ապահովագրելով նրանց գործունեությունը կլիմայական ռիսկերից: ԳԴՀ կողմից 5,3 մլն եվրո գումարի չափով հատկացումը կտրամադրվի 2 մասնաբաժնով. 1-ին մասնաբաժինը կազմում է 4,8 մլն եվրո, որով բացառապես ֆինանսավորվելու են ներդրվող գյուղատնտեսության ապահովագրական համակարգի շրջանակում վաճառվող ապահովագրական պայմանագրերի ապահովագրավճարները, 2-րդ մասնաբաժինը՝ 515 հազ. եվրո, նախատեսված է համակարգի ներդրման խորհրդատուի ծախսերի ֆինանսավորման համար: ՀՀ կողմից համաֆինանսավորման գումարի չափը կազմում է 5 մլն եվրո:
Երկրորդ համաձայնագրով նախատեսվող միջոցներն ուղղվելու են Կումայրիի ոռոգման ջրատար թունելի ընդլայնմանը, խողովակաշարի համակարգի կառուցմանը, մոտ 740 հատարածքի ավելի արդյունավետ ոռոգումն իրականացնելու նպատակով ոռոգման սարքավորումների ձեռքբերմանն ու տեղադրմանը: