Հանգստյան օրերին դարձյալ լարված էին Կիևի փողոցները:
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահին հղած նամակում նշել էր, որ նախագահ Պորոշենկոն թշնամուն չի աջակցում` հավելելով, թե սխալ կլիներ նրա հասցեին նման մեղադրանքներ հնչեցնելը: Պորոշենկոյի գլխավոր քաղաքական ընդդիմախոս Սաակաշվիլին, որին վերջերս ձերբակալել էին ուկրաինական իրավապահները և ազատ արձակել դատարանի որոշմամբ, հայտարարել է, որ նա պատրաստ է պայմանավորվել Պորոշենոյի հետ երկիրը չպառակտելու հարցում:
Փորձագետները հայտարարում են, որ Սահակաշվիլիի դիրքորոշման մեջ որոշակի ճկունություն կա, ինչը կարող է կապված լինել նրան Վրաստան հնարավոր արտահանձնման հարցի դիտարկման հետ (Սահակաշվիլին Վրաստանում հետախուզման մեջ է. նրա դեմ չորս քրեական գործ է հարուցված):
Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, նա շարունակում է Կիևում անցկացնել բողոքի ակցիաներ՝ պահանջելով իշխանափոխություն:
Հեղափոխական Ուկրաինայում կրքերը հերթական անգամ շիկացան նախօրեին: Մ. Սաակաշվիլիի կողմնակիցները դեկտեմբերի 17-ին գրոհել են Կիևի կենտրոնում գտնվող Հոկտեմբերյան պալատը: Ոստիկանության տեղեկություններով՝ ակցիայի մասնակցիները ծեծկռտուք են կազմակերպել, որի ընթացքում արցունքաբեր գազ են կիրառել, շշեր նետել: Բացի այդ՝ որոշ զինծառայողներ հատուկ միջոցների են դիմել: Բողոքի ակցիային մասնակցել են ավելի քան 2000 ցուցարար:
Ակտիվիստները կոտրել են մուտքի դուռը և տապալելով Ազգային գվարդիայի դիմադրությունը՝ ներխուժել են շենքի տարածք: Գրոհի ընթացքում մի քանի պայթյուն է հնչել: Ցուցարարներից ոմանք ստացել են վնասվածքներ: Սաակաշվիլիի կողմնակիցների հետ բախման ժամանակ Ուկրաինայի Ազգային գվարդիայի 60 աշխատակից է տուժել:
Սաակաշվիլին անգամ վիրավորեց ոստիկանության ներկայացուցիչ, ով, ըստ նրա խոսքերի, արկոհոլի ազդեցության տակ էր, և հրապարակավ հայտարարեց, որ «այդ հարբած «մենթը» Պորոշենկոյի իշխանության դասական պատկերն է արտացոլում»: Սահակաշվիլին բավականին վրդովված ընգծել էր, թե ինքն ամբողջ կյանքում պայքարել է այս տեսակի դեմ, ովքեր մարմնավորում են հինը: Նրա բնորոշմամբ` Ուկրաինայում բոլոր գործընթացներն ընթանում են հակառակ ռեժիմով:
Ավելի ուշ Սաակաշվիլիի կոչից հետո ցուցարարները ուղևորվել են դեպի Գերագույն ռադա: Ինքը՝ Սաակաշվիլին, ուկրաինական հեռուստաալիքներից մեկի հետ զրույցում հայտնել է, որ մոտակա օրերին բողոքի ցույցի կոչեր չեն լինի Հոկտեմբերյան պալատի մոտ տեղի ունեցած իրադարձությունների պատճառով:
Պալատի վրա հարձակումից շատ չանցած` Սաակաշվիլու կողմնակիցները վերադարձել են Մայդան, որտեղ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրենք Հոկտեմբերյան պալատը գրավելու ծրագիր չունեին, և որ դա տեղի է ունեցել իրավապահների պրովոկացիայի արդյունքում: Նրա խոսքով` ինքը ծրագրել էր միայն պալատի սենյակներից մեկում անցկացնել միջոցառում` քաղբանտարկյալների կանանց մասնակցությամբ:
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Սաակաշվիլու գործողությունների անադեկվատությունը և մարդկանց զգացմունքների վրա խաղալը հերթական անգամ հանգեցնում է բախման ուժայինների հետ, որի արդյունքում կիևյան Մայդանը շարունակվում է մնալ լարված: Սակայն մի բան ակնհայտ է, որ Սաակաշվիլին հստակ մանևրում է` փորձելով ձերծ մնալ վրացական իշխանություններին հանձնվելու հանգամանքից:
Հ.գ. Օդիոզ քաղաքական գործիչը հայտարարել է, որ ինքը Պորոշենկոյի հետ անձնական կոնֆլիկտ և հակակրանք չունի և հարգում է նախագահի պաշտոնը: