Անցյալում բազում անգամներ և բազում ձևերով Աստված խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով, իսկ այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր Որդու միջոցով: Աստված ամեն ինչի ժառանգ կարգեց նրան և նրա միջոցով ստեղծեց տիեզերքը։ Որդին, որ Հոր փառքի լույսն է և ճշգրիտ պատկերը Նրա էության, որ իր խոսքի զորությամբ պահում է տիեզերքը, մեր մեղքերի մաքրագործումը կատարելուց հետո նստեց երկնքում՝ Աստծու զորության աջ կողմում:
Նա ավելի բարձր է հրեշտակներից, ինչպես ցույց է տալիս Աստծու կողմից նրան տրված գերազանց անունը. որովհետև ո՞ր մի հրեշտակին Աստված երբևիցե ասաց. «Դու իմ որդին ես. այսօր ես ծնեցի քեզ»: Կամ ո՞ր հրեշտակին ասաց. «Ես նրան հայր եմ լինելու, և նա ինձ՝ որդի»: Եվ դարձյալ, երբ իր անդրանիկ որդուն աշխարհ էր ուղարկում, ասաց. «Աստծու բոլոր հրեշտակները թող պաշտեն նրան»:
Աստված իր հրեշտակների մասին խոսելիս ասում է. «Աստված իր հրեշտակներին ստեղծեց որպես պատգամավոր հոգիներ, և իրեն ծառայողներին՝ որպես կրակի բոց»:
Մինչդեռ Որդուն ասում է. «Դու, ո՛վ Տեր, սկզբից ստեղծեցիր երկիրը, և երկինքը քո ձեռքերի գործն է: Նրանք կկորչեն, բայց դու կաս և մնում ես... դու միշտ նույնն ես, և քո տարիները վերջ չեն ունենալու»:
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 1:1-12)