Հիսուս սկսեց ժողովրդին ասել այս առակը. «Մի մարդ այգի տնկեց և այն հանձնեց մշակներին, իսկ ինքը երկար ժամանակով ճանապարհորդության գնաց: Հարմար ժամանակին մշակների մոտ մի ծառա ուղարկեց, որպեսզի այգու պտղից իր բաժինը տան նրան. իսկ մշակները ծեծեցին նրան և ձեռնունայն արձակեցին: Տերը դարձյալ մեկ ուրիշ ծառա ուղարկեց. նրանք սրան ևս ծեծեցին, անարգեցին և ձեռնունայն ճամփու դրեցին: Ապա ուղարկեց նաև մի երրորդի. նրանք սրան էլ վիրավորեցին և այգուց դուրս հանեցին: Այգու տերն ասաց. “Ի՞նչ անեմ. ուղարկեմ իմ սիրելի որդուն, թերևս նրանից պատկառեն”: Երբ մշակները նրան տեսան, իրար հետ խորհուրդ արեցին և ասացին. “Սա է ժառանգը. սպանենք նրան, որպեսզի ժառանգությունը մերը լինի”: Եվ նրան այգուց դուրս հանեցին ու սպանեցին: Արդ, այգու տերը նրանց ի՞նչ կանի: Չէ՞ որ կգա ու կորստյան կմատնի այդ մշակներին և այգին ուրիշներին կտա»: Երբ այս լսեցին, ասացին՝ քա՛վ լիցի: Եվ Հիսուս, նրանց նայելով, ասաց. «Իսկ ի՞նչ է այն, որ գրված է, թե՝ “Այն վեմը, որ անարգեցին շինողները, նա է, որ անկյունաքար եղավ”: Ով որ այս վեմին բախվի, կխորտակվի, և ում վրա որ այն ընկնի, կճզմի նրան»:
(Ղուկասի ավետարան 20:9-18)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: