Հունվարի 6-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է մեր Փրկիչ տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է:
Մարդիկ իրար ողջունում են հետևյալ խոսքերով. «Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, մեզ և ձեզ մեծ աւետիս»՝ ի պատասխան լսելով. «Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի»:
Ի տարբերություն Հայ առաքելական եկեղեցու՝ կաթոլիկ եկեղեցին Քրիստոսի ծնունդը նշում է դեկտեմբերի 25-ին: Սակայն քրիստոնեության առաջին 300 տարիներին ավանդույթներն այլ էին: Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ ծնունդը նշել են հունվարի 6-ին, սակայն քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակել են նշել հեթանոսական տոները: Դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվել է արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հին հռոմեացի եպիսկոպոսների ցուցակում, որ թվագրվում է մոտ մ.թ. 336-354թթ, կարելի է հանդիպել հետևյալ խոսքերին. «25 Dec.: natus Christus in Betleem Judeae», այսինքն՝ «Քրիստոս ծնվել է Բեթլեհեմում դեկտեմբերի 25-ին»:
Փաստորեն, 336թ․-ի դեկտեմբերի 25-ը Սուրբծննդյան առաջին արձանագրված տոնակատարությունն է: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ աստվածահայտնության և մկրտության օր: Եկեղեցու գոյության առաջին տարիներին այնքան էլ կարևորված չէին ծննդյան տարեդարձերը, այդ թվում՝ Քրիստոսի ծնունդի օրը: Սովորաբար Հիսուսի մկրտությանն առավել մեծ տեղ էր հատկացվում, քան ծննդին: Հասկանալի է, որ ոչ ոք հստակ չի կարող իմանալ Քրիստոսի ծննդյան իրական տարեթիվը: Ժամանակի ընթացքում բազմաթիվ հեթանոսական ավանդույթներ կապվում են Սուրբ ծննդյան տոնի հետ:
Ռուս ուղղափառ եկեղեցին, ինչպես նաև բոլոր ուղղափառ եկեղեցիները, Սբ․ ծնունդը ևս նշում են դեկտեմբերի 25-ին կաթոլիկ եկեղեցու հետ միասին: Իսկ հունվարի 7-ին այդ եկեղեցիներում նշվում է Աստվածահայտնության տոնը և Սուրբ մկրտությունը։
Այսօր դժվար է ասել նաև, թե երբ է սկսել գործածվել Սուրբ ծննդյան եղևնին: Ենթադրվում է, որ այն ծագել է Գերմանիայից: Ըստ որոշ աղբյուրների՝ 8-րդ դարի անգլիացի միսիոներ Բոնիֆեյսը որոշում է մշտադալար եղևնի կանգնեցնել, որ կխորհրդանշեր Քրիստոսի հավիտենական լինելը: 16-րդ դարի վերջում արդեն դրանք մեծ տարածում են գտնում ողջ Գերմանիայում: Ոմանք էլ ասում են, որ Լյութերն է եղել առաջինը, ով Սուրբ ծննդյան եղևնի է կտրել:
Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ առաքելական սուրբ եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոները: Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ Աստվածահայտնությունը:
Այսպիսով՝ Քրիստոսի ծննդյան և մկրտության միջոցով հաստատված երկու աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին հունվարի 6-ին «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ պատարագ, որից հետո կատարվում է Ջրօրհնեք` Հիսուսի մկրտությունը (ըստ ժողովրդի` խաչը ջուրն են գցում): Հիսուսը ջուրն օրհնեց իր մկրտությամբ: Պատարագիչը սուրբ մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն՝ ժողովուրդն այդ ջրից տուն է տանում որպես բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի սովորույթը:
Քրիստոսի ծննդյան օրը Սուրբ պատարագ է մատուցվում նաև քրիստոնեական ամենահայտնի սրբավայրերից մեկի՝ Բեթղեհեմի (Բեթլեհեմի) եկեղեցում: Բեթղեհեմի եկեղեցին ընդհանուր սրբավայր է բոլոր քրիստոնեական եկեղեցիների՝ կաթոլիկների, ուղղափառների, առաքելականների և բողոքականների համար: Ըստ ավանդության՝ այն կառուցվել է այն վայրում, որտեղ ծնվել է Հիսուս Քրիստոսը: Հենց եկեղեցին կառուցվել է 1500 տարի առաջ, 200 տարի ավելի վաղ շրջանում կառուցված այլ շինության վրա: Հազարավոր զբոսաշրջիկներ են ժամանում Բեթղեհեմ՝ Սուրբ ծնունդը Հիսուս Քրիստոսի ծննդավայրում անցկացնելու համար։ Սուրբ ծննդի երեկոյան արարողությունները Հորդանան գետի արևմտյան ափում գտնվող այս քաղաքում իրենց գագաթնակետին են հասնում կեսգիշերին։
Հետաքրքիր և ուսուցողական այլ նյութեր կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: