Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ: Կառավարության ղեկավարի ներկայությամբ Արմավիրի մարզի Շենիկ համայնքում պաշտոնապես բացվել է «Գրին Էներջի» 1 Մվտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանը: Կայանն ամբողջովին կառուցվել է տեղական կազմակերպությունների ուժերով՝ «Բաղրամյանշին», «ԱԿԲԱ Լիզինգ» և «Շտիգեն» ընկերությունների համագործակցությամբ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ շինարարությունն իրականացվել է այս տարի՝ 3.5 ամսվա ընթացքում, ներդրումների ծավալը կազմում է 750-800 հազ. ԱՄՆ դոլար: Շինարարության ընթացքում ստեղծվել է 70 աշխատատեղ, աշխատակիցները ներգրավվել են հարակից համայնքներից և գյուղերից: Կայանը բաղկացած է 3124 պոլիկրիստալային արևային վահանակներից և 37 արևային ինվերտորներից, որոնք ձեռք են բերվել աշխարհում դրանց արտադրության ոլորտում մասնագիտացած առաջատար ընկերություններից: Նախատեսվում է, որ կայանը կկարողանա ապահովել 1600 Մվտ/ժ տարեկան էլեկտրաէներգիայի արտադրություն: Վարչապետը ողջունել է կատարված աշխատանքը՝ նշելով, որ արևային էներգետիկան Հայաստանում զարգացման մեծ ներուժ ունի, ու արևային կայանների թվի ավելացումը վկայում է ոլորտի առաջընթացի մասին:
Կարեն Կարապետյանն այցելել է նաև Արմավիրի մարզի Շենիկ համայնքում «Սպայկա» ընկերության կողմից հիմնված ինտենսիվ այգիներ, ծանոթացել ներդրումային ծրագրի ընթացքին և ընդլայնման հեռանկարներին: Կառավարության ղեկավարին ներկայացվել է, որ շուրջ 30 հա կեռասի և 22 հա ծիրանի այգիներն ամբողջովին ոռոգվում են կաթիլային եղանակով, որը բավական արդյունավետ է և մոտ 8-10 անգամ նվազեցնում է ոռոգման համակարգի ծախսատարությունը: Նշվել է, որ ինտենսիվ տեխնոլոգիայով այգիների մշակումը մեծացնում է նաև տեխնիկայով աշխատելու հնարավորությունը, ինչի արդյունքում ձեռքի աշխատանքը հասցված է նվազագույնի: Այգին ամբողջությամբ ծածկվելու է հակակարկտային ցանցերով:
Վարչապետի խոսքով՝ ինտենսիվ այգիների հիմնումը Հայաստանում գյուղատնտեսության արդիականացման ու զարգացման կարևոր ուղղություններից է, և կառավարությունը հետևողականորեն խթանում է այդ գործընթացը պետական աջակցության նպատակային ծրագրերի միջոցով: