Ադրբեջանի ու Պակիստանի միջև առևտրա-տնտեսական համագործակցության այսօրվա մակարդակը չի արտացոլում իրական ներուժը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Հավաջա Մուհամմադ Ասիֆը։
Նա նշել է, որ կողմերը ջանքեր են գործադրում տնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ։ Ըստ նրա՝ Ադրբեջանն ու Պակիստանն այս տարի համաձայնագիր են ստորագրել էներգետիկայի ոլորտում համագործակցության շուրջ։ Դեսպանը հավելել է, որ քննարկվում է ուղիղ ավիահաղորդակցություն սկսելու հարցը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Պակիստանն ու Ադրբեջանը ցանկանում են ստեղծել համատեղ ռազմական ձեռնարկություններ: Նա նաև նշել է, որ Ադրբեջանն ու Պակիստանը քննարկել են համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը. Բաքուն ցանկանում է գնել Իսլամաբադից գերճշգրիտ զենքեր:
Պակիստանա-ադրբեջանական հարաբերությունները բարձրացվում են որակական նոր մակարդակի վրա՝ համատեղ զորավարժություններ, ձեռնարկություններ, Բաքվի կողմից պակիստանյան զենքերի ու զինատեսակների գնում. դա արվում է տնտեսական, առևտրային, էներգետիկ կապերը զարգացնելուն զուգընթաց: Պակիստանը, միջուկային տերություն հանդիսանալով, բավականին ազդեցիկ ուժ է իսլամական աշխարհում ու Բաքուն փորձելու է օգտագործել այդ երկրի ինչպես տնտեսական ներուժը՝ ադրբեջանական տնտեսության մեջ ներդրումներ ներգավելու համար՝ նավթադոլարների կրճատման, ոչ նավթային հատվածի զարգացման ու Ադրբեջանը էներգետիկ-տրանսպորտային միջանցի վերածելու տրամաբանության շրջանակներում, այնպես էլ կիրառելու է պակիստանյան ռազմա-տեխնիկական նորարարություններն ու ներուժը սեփական զինված ուժերի ամրապնդման համար:
Հիշեցնենք, որ պակիստանյան աէրոնավիգացիոն համալիրի (Pakistan Aeronautical Complex Kamra) ղեկավար, ռազմա-օդային ուժերի մարշալ Արշադ Մալիքը հայտարարել էր, որ Պակիստանը պատրաստ է Ադրբեջանի ռազմա-օդային ուժերն ապահովել JF-17 Thunder կործանիչներով: Նա նշել է, որ իրենք սերտորեն համագործակցում են Ադրբեջանի ռազմա-օդային ուժերի հետ ու Պակիստանից կործանիչների առաքման հետ կապված որևէ խնդիր չկա: Ըստ նրա՝ JF-17-ում հնարավոր է օգտագործել ռուսական, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների արտադրության հրթիռներով:
Մարշալը հավելել է, որ Իսլամաբադը պատրաստ է Բաքվի հետ կիսվել տեխնոլոգիաներով: Պակիստանցի բարձրաստիճան զինվորականը չի բացառել նաև Բաքվին որոշակի տեխնոլոգիաների փոխանցման հնարավորությունը. դա կարող է կապված լինել այդ կործանիչների տեխսպասարկման ու հրթիռային տեխնոլոգիաների հետ: Այսպիսով՝ Պակիստանը կարող է դառնալ «երկրորդ Իսրայելը» Բաքվի համար՝ ռազմա-տեխնիկական համագործակցության ու զենքերի գնման առումով: Չմոռանանք, որ Իսլամաբադը ղարաբաղյան հարցում որդեգրել է վառ ադրբեջանամետ դիրքորոշում, դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել ՀՀ-ի հետ ու միջազգային տարբեր հարթակներում քվեարկում է Բաքվի օգտին:
Ի՞նչ պետք է անի ՀՀ-ն պակիստանա-ադրբեջանական ռազմավարական, ռազմական տանդեմին հակադրվելու, սեփական զինված ուժերը նոր տեխնիկայով համալրելու համար: Առաջին՝ ռազմա-տեխնիկական համագործակցության մեջ մտնել Հնդկաստանի հետ՝ Պակիստանի թիվ մեկ ռազմավարական հակառակորդի։