Սիրիական հիմնախնդրին նվիրված Աստանայի 6-րդ և 7-րդ հանդիպումների արդյունքներով հակակառավարական խմբավորումների կողմից վերահսկվող, Թուրքիային սահմանակից Իդլիբ նահանգում լարվածությունից զերծ գոտիներ ստեղծելու նպատակով թուրքական զինուժի մուտքը շրջան Անկարայի կողմից զուգահեռաբար ներկայացվեց նաև տվյալ տարածաշրջանի մերձակայքում գտնվող քրդաբնակ Աֆրինի դեմ հարձակում իրականացնելու հնարավորությամբ: Թուրքիայի նպատակը՝ Աֆրինում գործող ՔԲԿ-ի սիրիական ճյուղավորման՝ԺՄԿ-ի ռազմական թևի՝ «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» նկատմամբ հաշվեհարդարն է, որոնք, ըստ Անկարայի, ահաբեկչական կառույցներ են և սպառնում են Թուրքիայի անվտանգությանը:
Աֆրինի դեմ հնարավոր ռազմագործողությունը, որի մասին բազմիցս հայտարարվել է Թուրքիայի բարձրագույն իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների կողմից, ինչպես մերձավորարևելյան, այնպես էլ արտատարածաշրջանային բազմաթիվ դերակատարների կողմից գնահատվել է որպես բավական վտանգավոր և անկանխատեսելի հետևանքներով հղի արկածախնդրություն: Արդեն տևական ժամանակ է՝ ակտիվ ստվերային բանակցություններ են ընթանում ինչպես Վաշինգթոն-Անկարա, այնպես էլ՝ Մոսկվա-Անկարա հարթություններում՝ տարբեր աստիճանի պետական գերատեսչությունների մակարդակով. նպատակը՝ խաղաղ ճանապարհով խնդրի հանգուցալուծումն է և սիրիական թատերաբեմում նոր, ոչ պակաս կործանարար հակամարտության կանխումը:
Վերոնշյալի համատեքստում, ներկայում բավական ակտիվ միջնորդական դերակատարություն է իրականացնում ռուսական կողմը, որը միաժամանակ լավ հարաբերություններ ունենալով խնդրի բոլոր կողմերի՝ Թուրքիայի, քրդական կառույցների, նաև սիրիական կառավարության հետ, որոշակի փոխզիջումային առաջակրկներ է ներկայացրել կողմերին՝ հնարավոր բախումները կանխելու նպատակով: Ըստ այդմ՝ Ռուսաստանն առաջարկել է ինչպես Աֆրինի, այնպես էլ Մանբիջի և ալ-Տաբկայի (քրդերի կողմից զբաղեցված այս շրջանները ևս թիրախավորված են Անկարայի կողմից) շրջաններում նախ YPG-ի շարքերից հեռացնել ոչ սիրիական ծագման մարտիկերին, ապա նաև՝ նշված շրջանների սահմանային հատվածներում քրդական զորաջոկատներին փոխարինել սիրիական բանակային ստորաբաժանումներով: Ի պատասխան՝ ռուսական կողմը քրդերին խոստացել է ռազմավարական նշանակության Ալ-Բաբ և Ջարաբլուս շրջաններից թուրքական զինուժի դուրսբերում, ինչպես նաև՝ սիրիական հիմնախնդրի կարգավորմանը միտված տարաբնույթ քաղաքական ձևաչափերում քրդական պատվիրակության մասնակցության երախշավորում, ինչը նախկինում բազմիցս արգելափակվել է Թուրքիայի պահանջով:
Ինչ խոսք, բավական բարդ է կանխատեսել՝ ինչպիսի արդյունքներ կարձանագրի ռուսական կողմի միջնորդությունը, բայց այն, որ և՛ թուրքական, և՛ քրդական կողմերն էլ խուսափում են անհերքելիորեն կործանարար հետևանքներով հղի ուղղակի ռազմական ընդհարումից, կարծես՝ միանշանակ է, իսկ հատկապես թուրքական կողմից պարբերաբար հնչեցվող սպառնալիքները և քրդական կողմի ոչ պակաս անզիջում պատասխանները կարելի դիտարկել հոգեբանական հակամարտության տրամաբանության մեջ, միևնույն ժամանակ՝ հնարավոր միջնորդներին առավել առարկայական ջանքերի մղելու համատեքստում: