ՀՀ քաղաքական դաշտի զարգացումները վերջին մեկ տասնօրյակում գերհագեցած էին միջազգային իրադարձություններով, որոնք արտաքին քաղաքականության առումով ունեն կարևոր նշանակություն: Նախօրեին հետաքրքիր իրադարձություներ տեղի ունեցան Կիևում, որտեղ տեղի էր ունենում Սևծովյան տնտեսական համագործակցության վերահաժողովը:
Նախ՝ մի քանի բառ կառույցի մասին:
Հեռավոր 1992-ի հունիսի 25-ին Ստամբուլում հրավիրվել էր գագաթնաժողով, որի արդյունքում Սևծովյան տարածաշրջանի 11 երկրների (Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Թուրքիա, Ուկրաինա) ղեկավարները հռչակագիր ստորագրեցին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման մասին: Սերբիան՝ որպես անդամ, կազմակերպությանը միացավ 2004-ին: Կազմակերպությունը կոչված է տնտեսական համագործակցության միջոցով ամրապնդելու կայունությունը Սևծովյան տարածաշրջանում և այն վերածելու բարգավաճման գոտու: Կազմակերպության աշխարհագրությունը ծածկում է մոտ 20 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք` ընդգրկելով երկու մայրցամաքներում գտնվող Սևծովյան, Բալկանյան և Կովկասյան երկրներ և ներկայացնելով դրանց մոտ 350 միլիոն բնակչությունը:
Կիևյան վեհաժողովի ժամանակ ազգային 12 պատվիրակություններից 9-ը կողմ են քվեարկել այն հռչակագրի ընդունմանը, որտեղ կան հակահայկական ձևակերպումներ: ՍԾՏՀ ԽՎ 25-ամյակի առիթով մշակված հռչակագրում կա դրույթ՝ տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ, որտեղ կոնֆլիկտի լուծման միջազգային երեք հիմնարար սկզբունքներից միայն տարածքային ամբողջականությունն է նշվում: Բանաձևի ընդունմանը քվեարկել են բոլոր պատվիրակությունները, այդ թվում՝ Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Թուրքիան: Այս ամենից հետո հայ և սերբ պատվիրակները լքել են ֆորումը` բոյկոտելով այն (Ռուսաստանն առհասարակ չի մասնակցել լիագումար նիստին, որովհետև այն անցկացվում է Ուկրաինայում): Այն հանգամանքը, որ 12 անդամ ունեցող կազմակերպությունում ընդամենը մեկ համախոհ է առկա` հանձինս Սերբիայի․ դա նշանակում է, որ այդ կառույցում ՀՀ-ն խնդիրներ ունի:
Նիստի մեկնարկից հետո հայտարարվել է կոֆե բրեյք, որից հետո աշխատանքները պետք է շարունակվեին, սակայն սուրճի ընդմիջման ավարտին նախագահող երկրի՝ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը և համաժողովի քարտուղարության՝ ադրբեջանցի ղեկավարը համաժողովի մասնակից բոլոր պատվիրակությունների ղեկավարներին հրավիրել են «գաղտնի» քննարկման: Պատվիրակություններին ներկայացրել են մի առաջարկ՝ կառույցի 25-ամյակին նվիրված հռչակագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որտեղ հղում էր կատարվում միջազգային իրավունքներին:
Ընդգծենք, որ բանաձևին կողմ քվեարկած ութ երկրներից չորսն այն երկրներն են, որոնք կոնֆլիկտ ունեն:
Նոյեմբերի 23-24-ը Բրյուսելում հայկական դիվանագիտությունը հաջողեց` միանգամից երեք փաստաթղթերում բարենպաստ ձևակերպումներ ապահովելով ԼՂ խնդրի վերաբերյալ ու դա` չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը բոլոր ջանքերը գործադրել էր Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի ստորագրումը վիժեցնելու կամ առնվազն դրա քաղաքական նշանակությունը ստվերելու նպատակով:
Կարող ենք փաստել, որ Բաքուն Կիևում փորձել է ռևանշի հասնել, թեև ակնհայտ է, որ խոսքը համարժեք հարթակների մասին չէ: Ըստ էության՝ ակնհայտ է, որ այս երկու կառույցներն անհամեմատելի են իրենց և քաղաքական և տնտեսական կշռով ու տրամաչափով:
Բանաձևի հետ կապված կարող ենք արձանագրել, որ բովանդակային հարթության վրա արդյունավետ չի օգտագործվում հայ-վրացական հարաբերությունների պոտենցիալը: Մյուս կողմից` հակամարտությունների կարգավորման հարցում Թբիլիսիի և Բաքվի դիրքորոշումների ընդհանրությունն ունի օբյեկտիվ հիմքեր, մանավանդ որ Ադրբեջանի ու Վրաստանի համագործակցությունն ամրապնդվում է նաև տարածաշրջանային էներգետիկ և տրանսպորտային նախագծերով: Պաշտոնական Կիևն իր հերթին Արցախի հարցում ունի սուբյեկտիվ մոտեցում, որն ակնհայտորեն մնացել է ղրիմյան համատեքստի ստվերում:
ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի մյուս դասը, անշուշտ, այն է, որ մեր դիվանագիտության գործունեության առանցքային ուղղություններից մեկը պետք է մնա միջազգային բոլոր հարթակներում Արցախի խնդրի առանձնահատկությունը ներկայացնելը: Այս ուղղությամբ ջանքերը բազմապատկելու անհրաժեշտություն կա:
Բանաձևում նման ձևակերպումներ նախաձեռնողը եղել է ուկրաինական կողմը, որն ունի Ղրիմի և Դոմբասի խնդիր: Ըստ էության՝ նրանց հիմնական խնդիրն է այս հռչակագրով հարվածել ռուսներին: Պաշտոնական Կիևը տարածքային ամբողջականության սկզբունքը տարբեր միջազգային հարթակներում բարձրաձայնելու խնդիր ունի: Այս կերպ Ուկրաինան միջազգային հակառուսական ֆոնը փորձում է մաքսիմում տարբերակով քաղաքական կապիտալ շահել: Այս ամենի կոնտեքստում տուժող կողմ հանդիսացավ նաև Հայաստանը: ԼՂ հարցում Ադրբեջանին ոչ ոք բացահայտ չի պաշտպանում, քանի որ հայտնի է, որ ԵՄ, ՌԴ և ԱՄՆ-ի համաձայնությամբ այս խնդրով արդեն զբաղվում է Մինսկի խումբը: Սրան զուգահեռ՝ Ադրբեջանն ամեն կերպ Ղարաբաղի հարցը փորձում է տեղափոխել Հվ. Օսիայի և Աբխազիայի դաշտ և այդ ձևաչափով հասնել հարցի կարգավորմանը:
Հարց է առաջանում` իմաստ ունի՞ Հայաստանի հետագա անդամակցությունն այդ կառույցին, քանի որ եթե միջազգային կառույցն իր պրակտիկայում մեկ անգամ արդեն թույլ է տվել վիրավորել իր անդամներից մեկին, ապա այդ կառույցի հետ որևէ ընդհանուր բան չարժե ունենալ։
Ամփոփելով նշենք, որ բանաձևի ազդեցությունը ԼՂ խնդրի կարգավորման և, ընդհանրապես, քաղաքական առումով զրոյական է, որովհետև այդ կառույցն այդպիսի մանդատ չունի, քանի որ կառույցը պետք է բացառապես տնտեսական ուղղվածություն ունենա, ակնհայտ է` միայն քաղաքական ուղղվածության դեպքում նմանատիպ որոշումներն իրավական ուժ կունենան, կարող ենք փաստել, որ սա հերթապահ դեկլարատիվ հռչակագիրն էր, որը իր «ուրույն» տեղը կունենա կազմակերպության գզրոցներում: