Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է China Construction First Group կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Վէյ Յանին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ճանապարհաշինության և ենթակառուցվածքների բարելավման ոլորտներում ընթացքի մեջ գտնվող և նախատեսվող ներդրումային ծրագրերում չինական կորպորացիայի ներգրավման հնարավորությունները:
Իսկ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից հայտնում են, որ իրենց գերատեսչությունում հանդիպման ժամանակ չինական շինարարական կազմակերպության ներկայացուցիչներին ներկայացվել են նաև Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի առանձնահատկությունները։
Նախարարն առաջարկել է, որպեսզի մինչև մրցույթների մասնակցելու հայտ ներկայացնելը կազմակերպության տեխնիկական թիմը տեղում ուսումնասիրություններ անցկացնի։ Բացի այդ, նախարարության համապատասխան
ստորաբաժանումների մասնագետները պատրաստակամ են ցանկացած հարցով խորհրդատվություն և աջակցություն ցուցաբերել։ Իսկ Վեյ Յանին հայտնել է, որ սա նրանց առաջին այցն է Հայաստան, որտեղ շինարարական գործունեություն
ծավալելու մեծ հնարավորություններ են տեսնում: