Բաքվի միջազգային առևտրային նավահանգստի գլխավոր տնօրեն Թալեհ Զիյադովը անդրադարձել է Բաքվի նավահանգստի և Վրաստանի Անակլիա նավահանգստի միջև ստորագրված համաձայնագրին։
Նա նշել է, որ Անակլիան և Բաքուն թունելի ելքերն են, արևմտյան մասում Անակլիան է, իսկ արևելյան մասում` Բաքուն։ Ըստ նրա՝ այդ համաձայնագիրը կակտիվացնի Վրաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ու կավելացնի ապրանքաշրջանառությունը Չինաստանից Ղազախստանով, Ադրբեջանով ու Վրաստանով դեպի Եվրոպա։
Բաքվի միջազգային առևտրային նավահանգստի և Վրաստանի Անակլիա նավահանգիստների միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Ադրբեջանական կողմից փաստաթուղթը ստորագրել է Թալեհ Զիյադդինովը, իսկ վրացական կողմից՝ Լևան Ախվելդիանին:
Փաստաթուղթը ենթադրում է երկու նավահանգիստների միջև տեղեկատվությունների փոխանակում, ապրանքաշրջանառության մեծացում և համագործակցության ընդլայնում:
Անկարայի համար կարևոր է ունենալ անխափան միջանցք Վրաստանով, Ադրբեջանով դեպի Ղազախստան ու Թուրքմենստան։ Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի գործարկումից հետո ակտիվանալու է երկու տրանսպորտային միջանցք դեպի Կենտրոնական Ասիա, իսկ Ադրբեջանը վերածվելու է Արևելք–Արևմուտք ուղղությամբ կարևոր միջանցքի։
Առաջինը Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան–Ղազախստան, այսպես կոչված՝ Տրանսկասպյան միջանցք`ելքով դեպի Չինաստան, ինչպես նաև նախորդ շաբաթ ստորագրված Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան–Թուրքմենստան–Աֆղանստան ուղղությունն է, ինչը թույլ կտա Անկարային դուրս գալ Կենտրոնական Ասիա` թյուրքական ու իսլամական մի ահռելի տարածաշրջան։
Թուրքմենստանն արդեն իսկ իր բեռները, այդ թվում՝ նավթային, Բաքվի նավահանգստով արտահանում է Կովկաս, Թուրքիա, ԵՄ։ Տրանսպորտային, էներգետիկ կապերի հաստատումն Ադրբեջանի հետ Թուրքմենստանի համար կարևոր այլընտրանք է ռուսական, իրանական ուղղություններին։
Կասպից ծովի վիճելի կարգավիճակի կարգավորումից հետո, ինչը նախատեսվում է հաջորդ տարի, Թուրքմենստանն ու Ադրբեջանը կփորձեն ԵՄ–ԱՄՆ–Թուրքիա ակտիվ լոբբինգով կյանքի կոչել Կասպից ծովի հատակով Տրանսկասպյան գազամուղը` թուրքմենական լրացուցիչ գազային պաշարներն ադրբեջանական լոգիստիկայով` Բաքու–Էրզրում, ТАNAP գազամուղով Թուրքիա և ԵՄ արտահանելու նպատակով։