Ararartnews.am-ը գրում է․
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայկական տոլման գրանցելու է որպես ադրբեջանական ազգային կերակուր, Հայաստանն էլ հայտ չի ներկայացրել: Araratnews.am-ի հետ զրույցում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը, անդրադառնալով խնդրին, նշեց, որ իրենք բացասական են վերաբերվում ՅՈՒՆԵՍԿՕ-ին և հաշվի չեն առնում վերջինիս կայացրած որոշումները:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ն չէ, որ պետք է որոշի, թե այս կամ այն մշակութային ժառանգությունը ում է պատկանում: Մենք մեր խոհանոցային ժառանգությանը տեր ենք կանգնում, տոլմայի փառատոն ենք անցկացնում՝ արդեն 8-րդ անգամ: Մյուս տարի ամբողջ մայիս ամիսը նվիրելու ենք տոլմային: Տոլմայի օրեր ենք անելու և ներգրավելու ենք մեր բոլոր ընկերներին՝ թե Հայաստանում, թե Ռուսաստանում, թե Վրաստանում, ԱՄՆ-ում, Լեհաստանում, մի խոսքով, որտեղ ընկերներ ունենք»,- ընդգծեց խոհարարը:
Իսկ նշված խնդիրը որևէ կերպ իրենք լուծեն չեն կարող, որովհետև չունեն համապատասխան լծակներ. «Մենք հասարակական կազմակերպություն ենք և որևէ լծակ չունենք, որ ասենք, թե ինչու են այդպիսի բան արել: Եվ ընդհանուր առմամբ մեզ հետաքրքիր էլ չէ, թե նա ինչ որոշումներ է կայացնում: Դա անհետաքրքիր բան է, ով դրան կարևորություն է տալիս, թող նա էլ մտածի»:
Մեր նկատառմանը, որ, այնուամենայնիվ, նշված որոշումն իր ազդեցությունը կթողնի, այդ պարագայում ի՞նչ քայլեր պետք է անի հենց պետությունը հետագայում նման բաներից խուսափելու համար, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այո, եթե պետությունը անդամագրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ուրեմն պետք է որոշակի քայլեր անի կամ առհասարակ դուրս գա նրա կազմից և իր մշակութային ժառանգությանը տեր կանգնի»:
Ինչ վերաբերում է հարցին՝ չե՞ն պատրաստվում դիմել համապատասխան գերատեսչություն` քայլեր ձեռնարկելու համար, պարոն Մամուլյանը տեղեկացրեց, որ անշուշտ կանեն այն, ինչ պարտավոր են: Կդիմեն մշակույթի նախարարություն, կլինեն նաև ելույթներ ու հոդվածներ, եթե դրանք արդյունք տան:
Սեդրակ Մամուլյանը նաև հավելեց, որ ամեն դեպքում չպետք է զարմանալ և որևէ դժբախտություն չի եղել. «ՅՈՒՆԵՍԿՕ-ն մի կազմակերպություն է, որի հատկապես մշակութային բաժնի ամենամեծ դոնորները Ադրբեջանն ու Թուրքիան են, և եթե փողն իրենք են տալիս, բնականաբար, պետք է իրենց համար էլ որոշում կայացնեն»: