Անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններից մեկը Թբիլիսիի ծայրամասերից մեկում գտնվող Մոսկովյան պողոտային հարակից Գաբրիել Սալոսի փողոցի տեղի ունեցող դեպքերին էին: Անհայտ անձինք դիրքավորվել էին շենքի հարկերից մեկում` թաղամասում ստեղծելով անկառավարելի իրավիճակ: Հատուկջոկատայինները ահաբեկիչներին վնասազերծելու համար իրականացնում էին հատուկ գործողություն։ Շենքը, որտեղ ենթադրաբար տեղակայվել է երկու ահաբեկիչ, շրջապատվել է, և անմիջապես մարդկանց տարհանել են տարածքից։
Տարածված տեղեկության համաձայն՝ շենքում գտնվելիս են եղել երկու ահաբեկիչ, ովքեր Վրաստանի քաղաքացիներ չեն եղել։ Հատուկ գործողությունը շարունակվել է մոտ 13 ժամ: Իրավապահներն արգելափակել են հարակից տարածքը, մոտակայքում գտնվող դպրոցում չեղարկվել են դասերը: Կրակոցների և պայթյունների հետևանքով հատուկ գործողության անցկացման վայրում հրդեհ է բռնկվել: Այն տարածվել է բնակելի շենքի 3-րդ և 4-րդ հարկերում: Առավոտյան Վրաստանի ազգային անվտանգության ուժերը գրոհել են շենքը, լսվել են կրակոցներ և պայթյուններ։
Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ վիրավորվել է մեկ հատուկջոկատային: Դեպքի վայրում կենտրոնացվել են իրավապահ կառույցների լրացուցիչ ուժեր, բերվել է հատուկ տեխնիկա։ Ըստ տեղեկությունների՝ հատուկ գործողությունն իրականացվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված անձանց դեմ: Կա տեսակետ, ըստ որի՝ ահաբեկչության մասնակից անձինք Պանկիսի կիրճից են:
Մի քանի խոսք Պանկիսի կիրճի մասին: Կիրճի բնակչության մեծամասնությունը մահմեդականներ են՝ ներառյալ մեծ թվով էթնիկ չեչեններ: 2002-ին Չեչնիայի պատերազմի ժամանակ Ռուսաստանը մեղադրվում էր այն ժամանակ ապստամբների հենարան համարվող Պանկիսի կիրճը ռմբակոծելու մեջ: Կիրճում շուրջ 8 հազար քիստեր են բնակվում՝ մահմեդական էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչներ, որոնք մոտ են Հյուսիսային Կովկասի չեչեններին: Այստեղ ապրում են նաև չեչեն փախստականներ, ովքեր լքել են իրենց հողերը վերջին քսան տարվա ընթացքում տեղի ունեցած երկու պատերազմների ժամանակ: Չեչնիայից եկածների մի մասն իրենց հետ են բերել նաև իսլամական արմատական գաղափարախոսությունը: Իսլամի այս պահպանողական ուղղությունը կոչվում է վահաբիզմ` անորոշ հասկացություն, որով բնորոշվում են սուննի արմատական գաղափարախոսության զանազան դրսեւորումները:
Փաստացի՝ կարող ենք արձանագրել, որ եթե նախնական տեղեկություններն իրականություն են, և ահաբեկիչները «Իսլամական պետություն» խմբավորմանն անդամակցած չեչեններ են, ապա սա լուրջ մտորելու առիթ է հանդիսանում: Իրականում եթե ահաբեկչական խմբավորման անդամները թափանցել են հարևան Վրաստան, այլև առավել քան երբևէ, մոտենալով Հայաստանի սահմաններին, սա լուրջ ազգային անվտանգության խնդիր է առաջացնում և լրացուցիչ սթափության առիթ հանդիսանում:
Հ.գ. 1. 2015-ի նոյեմբերին «Իսլամական պետության» տարածած տեսագրությունում երևացող ԻՊ միացած վրացիները ծագումով առավելապես Աջարիայից ու Գուրիայից էին, քան Պանկիսի կիրճից:
Հ.գ. 2. Լոնդոնի մետրոյի Oxford Circus կայարանում կրակոցներ են հնչել: Այդ մասին հայտնել է բրիտանական տրանսպորտային ոստիկանությունը: