Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը երկրի ֆինանսների նախարարությանը հարցում է ներկայացրել առաջիկա 3 տարիների կտրվածքով ՊՆ-ին հավելյալ բյուջետային հատկացումներ տրամադրելու անհրաժեշտության հարցի վերաբերյալ։ Իսրայելի ՊՆ ծախսերի ավելացման անհրաժեշտությունը ռազմական ոլորտի պատասխանատուները հիմնավորում են Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական իրադրության փոփոխությամբ։ Հավաստի աղբյուրների համաձայն` ֆինանսների նախարարությանը հղված հարցման մեջ հաշվի է առնվում Սիրիայում ՌԴ ներկայության հանգամանքը, որի հետևանքով, ըստ աղբյուրի տվյալների, «Հեզբոլլահ» զինված խմբավորման ձեռքում է հայտնվել առավել ճշգրիտ և համեմատաբար որակյալ ժամանակակից սպառազինություն ու ռազմական տեխնիկա։

Հարցման մեջ առանձնակի նշվում է նաև այն հանգամանքը, որ իրանական կողմը էական առաջընթաց է արձանագրում բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրի զարգացման գործում։ Պաշտոնական տվյալներով` Իսրայելի պաշտպանության նախարարության բյուջետային միջոցները հաշվվում են երկրի ընդհանուր բյուջեի 12%-ը. ըստ աղբյուրի` Իրանի ռազմական բյուջեն համապատասխանաբար կազմում է երկրի ընդհանուր բյուջեի 22%-ը։ Լիբերմանի պնդմամբ` Իսրայելը չի կարող թույլ տալ, որպեսզի Իրանն իր ռազմական ծախսերով գերազանցի Թել-Ավիվին և ունենա առավելություն ռազմական հավասարակշռությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել