Ղազախստանը հետաքրքված է իր նավթն ու նավթամթերքն արտաքին շուկաներ արտահանմամբ, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքով։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Մահզում Միրզագալիևը։
Նա նշել է, որ Ղազախստանի ու Ադրբեջանի համար նավթագազային ոլորտում համագործակցությունը ռազմավարական կարևորություն ունի։

Ըստ նրա՝ ղազախական նավթն արտաքին շուկաներ կարող է հասնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով։
Նրա խոսքով՝ ղազախական նավթը Բաթումիի նավթային տերմինալ է հասնում Աքթաու-Բաքու տանկերներով, ինչպես նաև Բաքու-Բաթումի գնացքով։
Ադրբեջանա-ղազախական տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային միջանցքի ստեղծմամբ կենսականորեն հետաքրքրված է նաև Անկարան:

Թուրքիան և Ղազախստանը ստեղծել են համատեղ կոնսորցիում, որի մեջ ընդգրկվել են նաև Վրաստանն ու Ադրբեջանը՝ որպես տարանցիկ երկրներ, Սև ծով-Կասպից ծով ուղղության վրա՝ թուրքական ապրանքները, այդ թվում՝ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծով, այնուհետև՝ Բաքու-Աքթաու ու Բաքու-Կուրիկ լաստանավային փոխադրումներով ասիական շուկաներ հասցնելու համար, Մետաքսի ճանապարհի շրջանակներում:

Թուրքիայի համար, ինչպես նաև Ղազախստանի, ռազմավարական նշանակություն ու դեր ունի նաև Ադրբեջանը։ Որպես տարանցիկ երկիր՝ Բաքուն իր տրանսպորտային-էներգետիկ ենթակառուցվածքներ է տրամադրում Անկարային՝ Կենտրոնական Ասիա դուրս գալու համար, ինչպես նաև Աստանային՝ ՌԴ-ն շրջանցող, այլընտրանքային ճանապարհով կասպյան Աքթաու ու Կուրիկ ղազախական նավահանգիստներով ապրանքներ, էներգակիրներ դեպի Արևմուտք՝ Թուրքիա, սևծովյան երկրներ, ԵՄ արտահանելու համար:

Այս առումով ձևավորվում է Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան ռազմավարական առանցքը, որի բաղկացուցիչ տարրերն են լինելու Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծն ու Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքն՝ ի հավելումն Պեկինի կողմից ակտիվորեն առաջ մղվող Մետաքսի ճանապարհի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել