Aysor.am-ը գրում է.

«CNN Greece»-ը Արցախի մասին վավերագրական ֆիլմ է պատրաստել, որը նվիրված է Արցախին ու նրա ինքնորոշման պայքարի պատմությանը։

«Մայրս պատմում է, որ ես նորմալ պայմաններում չեմ ծնվել, օրինակ՝ հիվանդանոցում, ինչպես ընդունված է։ Ես ծնվել եմ նկուղում, քանի որ այդ ժամանակ երեխաների լույս աշխարհ գալու համար հնարավորություն առհասարակ չի եղել։ Ես արևի լույսի կարիք ունեի, բայց չէի կարող դուրս գնալ, որովհետև դա վտանգավոր էր կյանքի համար։ Կարծում եմ, այս պատմությունն ընդհանուր է բոլոր այն ընտանիքների համար, որոնք չլքեցին Ստեփանակերտն ու մնացին այնտեղ ամբողջ պատերազմի ընթացքում։ Այն ժամանակ ողջ բնակչությունն ապրում էր նկուղներում», - այս մասին պատմում է արցախյան պատերազմի տարիներին Ստեփանակերտում ծնված Արեգա Հովսեփյանը՝ ֆիլմում:

Ֆիլմի հեղինակը պատերազմական թեմաներ լուսաբանող հայտնի հույն լրագրող Մարիա Կարչիլակին է, ով «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային ՀԿ-ի աջակցությամբ այս տարվա սեպտեմբերին այցելել է Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ:

Նրա նկարահանած ֆիլմը առաջին փաստավավերագրական նյութն է Արցախի պատերազմի վերաբերյալ, որը երբևէ ցուցադրվել է հունական մեդիադաշտում:

Ֆիլմը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի պատմությունը, աշխարհագրությունն ու բնակչությունը, ժամանակին Ադրբեջանի կազմում հայտնվելու հանգամանքներն ու ինքնորոշման պայքարի ուղին։ Ֆիլմի հերոսներն են տեղի բնակիչներ, Արցախի հունական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ, ովքեր պատմում ու բնութագրում են արցախյան հակամարտության էություն ու դրա կարգավորման գործընթացը։

«1991թ-ին՝ Արեգայի ծնվելու ժամանակ, Լեռնային Ղարաբաղը անջատվեց Ադրբեջանին, որի կազմի մեջ այն ընդգրկվել էր քաղաքական նպատակներով Ստալինի կողմից 1923թ-ին՝ իբրև ինքնավար մարզ: Արեգայի ծնողները, ինչպես նաև Ղարաբաղի բնակչության հիմնական մասը կազմող հայերի գերակշիռ մեծամասնությունը հանրաքվեի ժամանակ քվեարկեց Ղարաբաղի անկախության օգտին: Մարզում փոքրամասնություն կազմող ադրբեջանական բնակչությունը բոյկոտեց հանրաքվեի արդյունքները: Ռազմական գործողություններն ընդդեմ ադրբեջանցիների սկսվեցին 1988թ-ին և վերածվեցին Երևանի ու Բաքվի միջև լայնամասշտաբ պատերազմի: Հազարավոր մարդիկ զոհվեցին, հազարավորները տեղահան եղան: Այստեղ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել ցավի ու տառապանքի մասին պատմությունների», - պատմում է ֆիլմի հեղինակը, ապա շարունակում. - «1994թ-ին կնքված զինադադարի համաձայնության արդյունքում հայկական ուժերը վերահսկողություն սահմանեցին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և դրան հարակից մի շարք շրջանների նկատմամբ: Մինչ այդ, հակամարտությունը մտավ անորոշ շրջափուլ և «սառեցվեց»: Սակայն 2016թ-ի ապրիլին պատերազմի քառօրյա բռնկումը ցույց տվեց, որ հակամարտությունը կրկին տաքանում է՝ դառնալով իրական սպառնալիք Հարավային Կովկասի կայունության համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել