Մի քանի օրից նոյեմբերի 7-ն է, լրանում է հոկտեմբերյան արկածախնդրության 100-ամյակը: Տակավին 30-40 տարի առաջ մենք չէինք ասում հոկտեմբերյան արկածախնդրություն, և եթե համարձակվեինք ասել, հանրության շրջանում, չկասկածեք, կգտնվեին մարդիկ, ովքեր ՊԱԿ-ին կտեղեկացնեին, և մեղմ ասած՝ անցանկալի վիճակում կհայտնվեինք։ Այն ժամանակ այս իրադարձությունն անվանում էին Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխություն, ո՛չ ավել, ո՛չ պակաս: Իրականում այդ արկածախնդրության սկիզբը կարելի է արձանագրել 1917թ․ փետրվարը, երբ իրոք հեղափոխություն եղավ, և ցարը հրաժարվեց գահից: Ահա այստեղից սկսվեց արհավիրքը, դժոխքը, մղձավանջը, անարխիան, ամենաթողությունը... Եվ բնականաբար, այդ բոլորի միջով անցավ նաև հայությունը ցեղասպանությունից ընդամենը 2 տարի անց:

Այն, որ 1917թ․ փետրվարյան հեղափոխությունը նույնպես արկածախնդրություն էր, պատմական բազմաթիվ փաստաթղթերով, վավերագրերով ապացուցված է, և ցավոք, այն իրականացրին ռուս լիբերալները՝ չգիտակցելով՝ ինչ սարսափելի օրեր էին սպասվում և՛ Ռուսաստանին, և՛ ողջ աշխարհին։

Փետրվարյան հեղափոխությունը կարելի է համեմատել կախարդական լամպի հետ. դուրս եկավ Ջինն, ու սկսվեց անտերությունը, ռուսական լիբերալները չկարողացան վերահսկել իրավիճակը, ամենուր թալան, կողոպուտ... Ականատեսներն իրենց հիշողություններում պատմում են՝ իրենք չէին ճանաչում երբեմնի ցարական ժամանակների Սանկտ Պետերբուրգը, որը հայտնվել էր փողոցային խուժանի և գնչուների իշխանության տակ։ Բանտերից ազատվեցին ոչ միայն քաղաքական բանտարկյալները, այլև քրեական մասսան, որոնցից շատ-շատերը համալրեցին բոլշևիկների շարքերը։ Անիշխանություն, բանակի կազմալուծում, արտաքին անհավասարակշիռ քաղաքականություն. այս ամենի տրամաբանական ավարտը եղավ անարյուն բոլշևիկյան արկածախնդրությունը, որն առաջին իսկ օրերից որդեգրեց ահաբեկչությունը՝ որպես ամենափորձված գործելաոճ: Ամենակարևորը՝ 1917թ․ Ռուսաստանը կորցրեց իր աղը՝ ազնվականությանը, իսկ դա նշանակում էր պատվի, արժանապատվության, վեհության, քրիստոնեական արժեքների կորուստ:

Խորհրդային Միության փլուզման պատճառներից էր հրապարակայնությունը։ 70 տարի խորհրդային գաղափարախոսությունը և պատմագրությունը 180 աստիճանով միայն սևով էին ներկայացնում ցարերին, ազնվականությանը, այնինչ իրականում լրիվ հակառակն է եղել: Մինչև հեղափոխությունը կյանքի բոլոր բնագավառներում ազնվականությունն է եղել զարգացման և կրթվածության, պետականության հիմքը, բանակը, կրթության ոլորտը։ Պետական ապարատն ազնվական ծագում ունեցող մարդկանց ձեռքում էր դարեր շարունակ, իսկ 1917թ. այդ ամենը փշրվեց։ Ահա այստեղ պետք է փնտրել այն բոլոր արհավիրքների հիմքը, որոնք տեղի ունեցան հետագայում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԽՍՀՄ մյուս հանրապետություններում՝ սեփական բնակչության նկատմամբ պետական ահաբեկչություն, պետական միջոցների թալան, կողոպուտ, հովանավորչություն, բյուրոկրատիա, կաշառակերություն, կոռուպցիա, խարդախություն, կեղծիք, երկերեսիանություն... Ցավոք, այս բոլորն իներցիայով շարունակվում է հետխորհրդային ժամանակներում, որովհետև չկա ազնվականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել