Կարեն Կարապետյանի ասուլիսն ու մասնավորապես՝ դրա մակրոտնտեսական ցուցիչների հատվածն անչափ տպավորիչ էր։ Միակ բանը, որ տարակուսանք էր առաջացնում, լավատեսական տոնն ու պոզիտիվն էր։ Տպավորություն էր, որ Սինգապուրի մակրոտնտեսական ցուցանիշներն էինք ներկայացնում կամ էլ գոնե Հոլանդիայի։
Թող ինձ ների հայրենի Կառավարությունն ու դրա սԾիլնի ղեկավարը, բայց ԿԿ-ի ամեն հաջորդ ասուլիսից հետո ավելի ու ավելի եմ հակվում, որ նրա կողմից ամենաշատ կիրառվող հմտությունը կռուտիտ լինելն է ու բառախաղով թեման ցրելն է՝ էփսիլոնի աստիճանի ճշգրտությամբ, ինչպես կասեր դասականը։
Մյուս կողմից՝ Կարեն Կարապետյանին այլ բան չի էլ մնում, որովհետև նրա նշանակման շրջանում առաջացած ոգևորությունն ու ակնկալիքների մեծությունը կարող է համեմատվել միայն պաշտոնավարման արդյունքում գրանցված արդյունքների փոքրության հետ, եթե չասենք բացակայության։
Ներդրումների մասով՝ 0։ Բանը հասավ նրան, որ վերջը Սերժ Սարգսյանը գնաց ու իրական և հասցեական 1 միլիարդ դոլարի ներդրումների վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերեց։
Տնտեսական աճի մասով՝ փաստացի 0, որովհետև եթե փորձենք առանձնացնել առկա տնտեսական աճից գունավոր մետաղների գլոբալ թանկացման արդյունքում գոյած մասնաբաժինը, ինչպես նաև Ռուսաստանից եկած տրանսֆերտների ավելացումը, ապա տակը բան չի մնա։
Ընդհանուր բարեկեցության մասով՝ 0 էլ չէ, մի բան էլ բացասական։ Վարչապետն ասում է՝ գիտե՞ք, մենք թոշակները ու աշխատավարձերը չենք բարձրացրել, բայց բարձրացել են մարդկանց ընդհանուր եկամուտները։ Այսինքն՝ էլի նույն խոպանից ուղարկած փողերն են, որովհետև հասկանալի չէ, թե էլ ի՞նչ այլ եկամտի աղբյուր պետք է ունենա թոշակառու մարդը, որ մեկ էլ Կարեն Կարապետյանի խարիզմայի շնորհիվ նրա եկամուտը մի բան էլ բարձրանա։ Ու Վարչապետը մոռանում է նշել, որ ավելացած եկամուտները նույնիսկ չեն ծածկում գնաճն ու որքան էլ աճպարարության անեն ընդհանուր գնաճի ցուցանիշի հետ, բոլորս էլ գիտենք, որ ամենաշոշափելի թանկացման տակ հայտնվել են հենց այն ապրանքներն ու ծառայությունները, որոնցից առավել հաճախ է օգտվում շարքային քաղաքացին։
Մի խոսքով՝ ոչինչ չի փոխվել այս մեկ տարվա ընթացքում․ մենք լսում ենք մեղրի պես քաղցր բառեր և խոստումներ, բայց երբ բանը հասնում է գործին՝ անգործությունը եղած արդյունքներից լավագույնն է լինում, որովհետև ավելի հաճախ վնասում ու վատացնում են։