Քանի մոտենում է նոյեմբերի 25-ը, այնքան հասարակության մեջ շատանում է ահագնությունը առ այն, որ նորից Հայաստանի հետ տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ 2013 թվականին։ Հայաստանը նոյեմբեր ամսին Արևելյան գործընկերության շրջանակներում նախատեսում է Եվրամիության հետ քաղաքական շրջանակային համաձայնագիր ստորագրել, որով Եվրոպան Հայաստանին աջակցություն է ցույց տալու կրթական, ֆինանսական, քաղաքական ու մի շարք այլ ոլորտներում։ Հետագայում քննարկվելու է նաև վիզային ռեժիմի ազատականացման խնդիրը։
Մեր երկիրը, ինչպես գիտենք, գտնվում է ԵԱՏՄ կազմում, իսկ անվտանգության առումով ՀԱՊԿ անդամ է, և այս երկու կառույցներն էլ գտնվում են հիմնականում Ռուսաստանի ազդեցության ներքո։ 2013-ին՝ չորս տարի Ասոցացման համաձայնագրի ստորագրման համար Եվրամիության հետ բանակցելուց հետո, Սերժ Սարգսյանը մեկ օրում կայացրեց բավականին տարօրինակ որոշում, որը հետագայում հարկ եղավ բացատրել։ Նա ԵԱՏՄ մտնելու վերաբերյալ հայտարարություն արեց՝ պատճառաբանելով, որ այն նախևառաջ Հայաստանի անվտանգության համար է տեղի ունենում։ Թե հետագայում ինչ եղավ Հայաստանի՝ այդ միությանը անդամակցելուց հետո, պարզ դարձավ հետո, սակայն հարցն այն էր, որ կարող էր շատ ավելի վատ լինել, ու դա հստակ երևաց հենց Ապրիլյան պատերազմի օրերին։ Այժմ իրավիճակը փոքր-ինչ տարբեր է։ Անվտանգության ու տնտեսական մասով Հայաստանը շարունակում է իր կապերը ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի շրջանակներում, եվրոպացիներն էլ ամեն կերպ սա հասկանում են ու փորձում Հայաստանին առաջարկել մի բան, որտեղ այս երկու դրույթը ընդգրկված չէ։ Հետևաբար դա նշանակում է, որ Արևմուտքը հրաշալի հասկացել է Հայաստանի արտաքին մարտահրավերների լրջությունն ու ըմբռնումով է մոտենում այդ ամենին։ Այդ ամենին, կարծես թե, ըմբռնումով է մոտենում նաև Ռուսաստանը, համենայն դեպս, Հայաստանին «տոռմուզ» անելու համար այս անգամ բավարար ջանքեր գոնե տեղեկատվական հարթակներում ռուսները չեն օգտագործում։