Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ Երեւան քաղաքի հետ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Խոսելով պաշտպանության համակարգի մասին՝ նախագահն ընդգծել է, որ հայկական երկու հանրապետությունների համագործակցությունն այս ուղղությամբ տարածաշրջանում կայունության պահպանման կարեւորագույն նախապայմաններից մեկն է:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Տարոն Մարգարյանին եւ Երեւանի քաղաքային իշխանություններին Պաշտպանության բանակի, Ստեփանակերտի եւ Արցախի նկատմամբ հատուկ վերաբերմունք ցուցաբերելու համար՝ ընդգծելով, որ համագործակցությունը Երեւանի հետ դրական ազդեցություն է թողնում Արցախում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման վրա: