Տարկետման իրավունքի վերաբերյալ քննարկումներում Վիգեն Սարգսյանը գնալով նմանվում է մի բռնցքամարտիկի, որին աջից, թե ձախից փորձում են հարվածել, ընդ որում՝ ով ոնց կարողանում է: Նախարարին էլ, դե, կրթությունը, դաստիարակությունը թույլ չեն տալիս նույն կերպ պատասխանել, սակայն արի ու տես, որ երեկ գտնվեցին որոշ լրագրողներ, որոնց, ի վերջո, հաջողվեց Սարգսյանին հունից հանել: Իսկ մարդուն իսկապես կարելի է հունից հանել, օրինակ, երբ միկրոֆոնը տանում ու մտցնում ես այդ մարդու բերանը կամ ՊՆ նախարարին ասում, որ նա չի տիրապետում իրավիճակին, տեղյակ չէ նախարարությունում տեղի ունեցող գործընթացներից և այլն, և այլն: Անկեղծ ասած՝ ես, օրինակ, Վիգեն Սարգսյանի փոխարեն տվյալ միկրոֆոնը կվերցնեի ու կփորձեի նույն եղանակով հենց իրեն ստիպել խոսել այն հարցերի մասին, որոնցից այդ լրագրողն անգամ գաղափար չունի: Եվ առհասարակ, տպավորություն է, որ Հայաստանում օրական քնում ու արթնանում է 3 միլիոն ռազմական փորձագետ, ովքեր անհրաժեշտության պահին կարող են դառնալ փականագործ, պատ շարող, ցանկության դեպքում՝ նաև նախագահ: Կես կատակ, կես լուրջ՝ սա խոսում է մեր հասարակության տգիտության մասին: Ի վերջո, ամեն ոլորտ ունի իր մասնագետներն, ու պետք է թողնել՝ այս մարդն իր բերած փաստարկները շարադրի, քննարկի, իսկ մենք՝ հասարակությունը, որը շատ մակերեսային պատկերացումներ ունի բանակի ու, առհասարակ, զինվորականության համար պատրաստ է ամեն պահի կրծել այն մարդկանց կոկորդը, ովքեր ինչ-որ չափով փորձում են օգնել մեր բանակին այն ավելի արդիականացնելու հարցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: