Հայաստանի և  Ղրղըզստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները մեծ չեն, սակայն առկա է դրական դինամիկա և այն  զարգացնելու ներուժ:  Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավորությունում Ղրղըզստանի վարչապետ Սափար Իսակովի հետ հանդիպմանը։

«Այդ դրական դինամիկան պետք է խթանել, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովի գործունեության միջոցով: Անկասկած, թե՛ Հայաստանում, թե՛ Ղրղըզստանում կան հեռանկարային նախագծեր, որոնք հնարավոր է իրականացնել համատեղ և որոնք երկուստեք  փոխշահավետ կարող են լինել», -կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է վարչապետը:

Ղրղըզստանի վարչապետ Սափար Իսակովն իր հերթին փոխգործակցությունը սերտացնելու պատրաստակամություն է հայտնել՝ նկատելով, որ երկու երկրների միջև առկա տնտեսական հարաբերությունները չեն համապատասխանում քաղաքական երկխոսության մակարդակին։  «Մեր կողմից մենք լիովին պատրաստ ենք աջակցել երկկողմ տնտեսական փոխհարաբերությունների զարգացմանը»,-ավելացրել է Ղրղըզստանի վարչապետը։

Երկուստեք նշվել է, որ եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում փոխգործակցությունը, այդ շրջանակում համաձայնեցված մեխանիզմների  կիրառումը թույլ կտա ավելի հարստացնել հայ-ղրղըզական հարաբերությունները։

Զրուցակիցները կարևորել են նաև  տնտեսական զարգացմանը միտված գործընթացներում ձեռք բերված փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել