Տարիներ շարունակ խոսվում է այն մասին, որ Հայաստանը կարող է յուրատեսակ կամուրջ հանդիսանալ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև առևտրատնտեսային քաղաքական հարաբերություններում: Իհարկե, ինչպես ասում են, Եվրոպան ու Ռուսաստանը դեռ այն օրի չեն հասել, որ հարաբերությունների նորմալացման համար մնան Հայաստանի հույսին, բայց, ամեն դեպքում, Հայաստանը Հարավային Կովկասում երկու բևեռների՝ իրար կապող լինելու հանգամանքը դեռևս ռեալ չի իրականացնում, այսինքն՝ չի անում իր մասով հասանելիքը, որից հետո միգուցե Հայաստանի տնտեսությունն իսկապես սկսի շնչել:
Ասել, թե նման հնարավորություններ չեն եղել, նշանակում է ոչինչ չասել: Ասել, որ դրանք բացարձակ չեն օգտագործվել, նույնպես անշնորհակալ գործ է: Պարզ է, որ Հայաստանը մեծապես ազդվում է աշխարհաքաղաքական իրադրություններից ու հաճախ կրում դրանց արդյունքում ձևավորված վնասները: Թիվ մեկ խնդիրն այսօր, իհարկե, անվտանգությունն է, որին ուղղված են հիմնական ֆինանսական ծախսերը: Եվ եթե դու կախված ես գերտերությունների քմահաճույքներից ու տրամադրություններից, ապա պետք է քաղաքականությունդ վարես այնպես, որ ոտքի տակ չընկնես նրանց բախման ժամանակ: Այսօր Արևմուտքի ու Ռուսաստանի, Արևմուտքի ու Իրանի հարաբերությունները լարված են, քան երբևէ: Սակայն նույնիսկ այս իրավիճակում աշխարհի բոլոր խոշոր գերտերությունները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Եվրոպան, Իրանը, Չինաստանը, Հայաստանի հետ ունեն բավականին նորմալ հարաբերություններ, ավելին՝ Հայաստանը միակ երկիրն է, որ բարեկամ երկիր է Իրանին, ու ԱՄՆ-ն այս հարցում լիովին ներդաշնակ քաղաքական պահվածք է դրսևորում Հայաստանի նկատմամբ: Եվ ուրեմն՝ իսկապես պետք է օգտվել հենց այդ հնարավորությունից: Տարիներ շարունակ խոսվում է Իրան-Հայաստան գազատարի, Հայաստանը Պարսից ծոցը Սև ծովին կապող օղակ դարձնելու անհրաժեշտության մասին, սակայն ամեն անգամ դրանք մնում են թղթի վրա: Հայաստանին տրվող ԱՄՆ օգնությունը նախորդ տարիների համեմատ էականորեն նվազել է ու գնալով նվազման դինամիկա ունի, ինչը հայ-ամերիկյան հարաբերություններում իսկապես լուրջ խոչընդոտ է: Այլ կերպ ասած՝ մենք կարիք ունենք այս խաղացողների հետ մեր հարաբերությունների ռեստարտի, որովհետև կորսված հնարավորությունների համար հաճախ պետությունները շատ թանկ են հատուցում։