Կիևում երեկ բազմամարդ հանրահավաք է անցկացրել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ով նաև Օդեսայի նախկին նահանգապետն է։ Հայտնի դեպքերից, մասնավորապես՝ նրա հրաժարականից, Լեհաստանից դեպի Ուկրաինա վերադարձից հետո տպավորություն ստեղծվեց, որ «վառ ռևոլյուցիոները» չի սահմանափակվի դրանով, որ նախատեսում է հեղափոխական ալիք ստեղծել և Ուկրաինայում էլ իշխանության փոփոխություն իրականացնել։ Սակայն, ի տարբերություն մայդանական սցենարների, Սաակաշվիլին նախատեսում է անցնցում իշխանափոխություն կատարել Ուկրաինայում։ 2 օր առաջ հանրահավաքին նա կոչով դիմեց նախագահ Պորոշենկոյին, որ վերջինս մի շարք փոփոխություններ կատարի Ուկրաինայի քաղաքական կյանքում, իսկ չանելու դեպքում կպահանջեն նրա հրաժարականը։ Իշխանությունն առայժմ բավական զուսպ է արձագանքում, կարելի է ասել՝ չի էլ արձագանքում նրա ելույթներին, ինչը վերլուծական շրջանակներում ընկալվում է որպես քողարկված գործիք, որով Պորոշենկոն նախատեսում է ազատվել իր շրջապատի անցանկալի մի քանի անձից։ Սաակաշվիլին այդ գործում լիակատար աջակցություն է ցույց տալիս Ուկրաինայի նախագահին, այլապես Պորոշենկոն նրան ոչ մի կերպ չէր թողնի վերադառնալ Ուկրաինա ու կճնշեր ամեն ձևով։ Թե ինչ կստացվի հետագայում, ցույց կտա ժամանակը, համենայն դեպս, մենք տեսել ենք շատ ավելի ռադիկալ Սաակաշվիլիի, ավելի հյութեղ ու քննադատական հռետորաբանությամբ, իսկ այն, ինչ այսօր անում է Միշան իշխանություններին մերկացնելու իմաստով, հաստատ նրա հնարավորությունների սահմանը չէ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել