ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, Խոսրովի անտառում տեղի ունեցած հրդեհը պատահականության, անփութության արդյունք էր։ Սրա մեջ արտառոց ոչինչ չէր լինի, եթե մի քանի օր առաջ ԱԺ-ի հարց ու պատասխանի ընթացքում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը չհայտարարեր, որ հայ-ամերիկյան խմբի համատեղ հետազոտության շնորհիվ, որը տեղի է ունեցել տիեզերքում արված դիտարկումների արդյունքում, պարզ է դարձել, որ անտառում տեղի ունեցածն, ամենայն հավանականությամբ, դիտավորության արդյունք է եղել։ Ընդ որում՝ գործը դեռ գտնվում է Հատուկ քննչական կոմիտեի վարույթի շրջանակներում, ու դեռևս վերջնական գնահատական չի տրվել։ Հիմա պարզ է մեկ բան, որ կա՛մ այս երկու գերատեսչությունների ղեկավարները լիարժեք չեն տիրապետում իրավիճակին, կա՛մ էլ նրանցից մեկն ակնհայտորեն ստում է։ Իհարկե, երկուսն էլ կարող են ասել, որ դեռ վերջնական պատասխան չէ իրենց պատասխանը, այլ միայն քննության ավարտից հետո գործի մեջ հստակություն կմտցվի, սակայն պարզ է, որ այս հարցում Տոնոյանն ավելի շատ փորձում է խնդրի հեշտ լուծում առաջարկել՝ տեսնելով պատահականություն այդ գործողություններում, իսկ Մինասյանն ակնհայտորեն փորձում է բարդացնել կառավարության աշխատանքը՝ ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի, ում հարաբերությունները ՀՅԴ-ի հետ, մեղմ ասած, հարթ չեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել