Երեկ ԱԺ-ում Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ուշագրավ հայտարարություն է արել, որն արժանի էր ավելի լավ մեկանաբանվելու հայաստանյան լրատվամիջոցներում։ Դա տեղի չունեցավ։ Իսկ բուն նյութը հետևյալն էր. ըստ ամերիկյան հետազոտական խմբի տրամադրած տեղեկատվության, որն արվել է տիեզերքից, Խոսրովի անտառում բռնկված հրդեհն ունեցել է միանգամից երեք տարբեր օջախներ, և այդ օջախները մեկը մյուսից շատ հեռու են եղել ու, ըստ էության, դիտավորության արդյունք են։ Նախաքննությունը դեռ շարունակվում է, վերջանական գնահատական չեն տվել քննող մարմինները։ Այս թեման եթե ուշադիր ուսումնասիրենք, կնկատենք, որ մի քիչ այլ նախապատմություն ունի։ Ամռան ամիսներին հրդեհներ բռնկվեցին նաև Վրաստանի Բորժոմի քաղաքում, որտեղ երկրի Էներգետիկայի նախախար Կախա Կալաձեն, մեկնաբանելով տեղի ունեցածը, հիշեցրեց, որ դա իրեն հիշեցնում է վրաց-ռուսական պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքերը, երբ, ըստ Կալաձեի, ռուսական ծառայությունները դիտմամբ հրդեհել էին անտառները։ Այսինքն՝ կար մտավախություն, որ այս անգամ էլ ռուսների մատը կարող է խառը լինել վրացական հրդեհների մեջ։
Հիմա գանք Հայաստանին։ Կարիք չկա ասելու, որ վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունները տրանսֆորմացիոն փուլում են գտնվում։ Դրանք ո՛չ բարդացել են, ո՛չ էլ նախկին փուլում են գտնվում։ Կարելի է ասել՝ դրանք վերաիմաստավորման փուլում են։ Հիմա, դատելով ամերիկյան հետազոտական խմբի հայտարարությունից, սա միտումնավոր արված հրդեհ է՝ տարբեր օջախներով։ Հետևաբար հարց է առաջանում, թե ում է սա ձեռնտու։ Դավադրապաշտական տեսության սիրահարները սլաքներն ուղղում են դեպի Ռուսաստան՝ արձանագրելով, որ հենց այդ հարաբերությունների տրանսֆորմացումը,հայկական կողմի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների որոշակի հստակեցումն ու կոշտացումը կարող էին հանգեցնել նրան, որ Հայաստանում Ռուսաստանը սադրանք հրահրեր։ Տրամաբանություն, անշուշտ, կա սրա մեջ, բայց, միևնույն ժամանակ, չպետք է անտեսել այն փաստը, թե ով է արձանագրել սա։ Իսկ արձանագրողը, ինչպես ասացինք, ամերիկյան կողմն է։ Իսկ եթե այս երկու երկրների հարաբերությունների դինամիկան հաշվի առնենք աշխարհաքաղաքական այս փուլում, ապա պատկերը կդառնա ավելի ամբողջական: