Վարչապետ Կարեն Կարապետյանի վարչապետության տարում, եթե ուշադիր լինենք, անընդհատ հրապարակվում են հոդվածներ, տեսանյութեր՝ հետևյալ վերնագրով. «Կարեն Կարապետյանը հերթական հանձնարարականն է տվել»։ Այս անգամ վարչապետը հրավիրել է Կապի ու տրանսպորտի, ՀՀ ոստիկանապետի ուշադրությունը, ճանապարհային լուսարձակների և վերանորոգման աշխատանքների համար նախատեսված սարքերի վերաբերյալ։ Իհարկե, արտառոց ոչինչ այստեղ չէր լինի, եթե մենք չճանաչեինք Հայաստանի քաղաքական ներքին կոնյուկտուրան։ Օրինակ՝ նախորդ վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք կառավարության նիստերն անցնում էին հապճեպ, մոտավորապես 45 րոպեում դրանք ավարտվում էին, իսկ ահա Կարապետյանի օրոք նիստերը բավականին երկար են տևում համապատասխան զեկուցումների ընթացքում շատ հաճախ տեղի են ունենում բանավեճեր, որոնք տևում են ժամեր։ Եվ վարչապետը կարծես թե ընդգծում է, որ հանձնարարական տալուց հետո այդ պահանջները պետք է անպայման կատարվեն, որ որոշողը ինքն է և հետևողական է լինելու։ Օրինակ՝ հատկապես այն բանից հետո, երբ սկսեցին լուրեր պտտվել վարչապետի ու ոստիկանապետի տարաձայնությունների վերաբերյալ, վարչապետը «հանձնարարեց այս ինչ բանը անել»։ Սրանք, իհարկե, հատկանշական փաստեր են, որովհետև, օրինակ, նույն ոստիկանապետը համարվում է նախագահ Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանցից մեկը։ Կամ, ասենք, ստուգումներ են սկսվել Գագիկ Ծառուկյանին պատկանող օբյեկտներում, ընկերություններում, որն իրականացնում է ՊԵԿ-ը։ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն էլ իր հերթին հանդիսանում է վարչապետի մտերիմ մարդկանցից մեկը, իսկ դա տեղի ունացավ այն ժամանակ, երբ Ծառուկյանի մարդ համարվող սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը մեղադրում է վարչապետի ամենամոտ մարդկանցից ու հենարաններից մեկին՝ ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանին՝ ըմբշամարտը ծանր իրավիճակում թողնելու համար։ Այնպես որ, վարչապետը փորձում է ցույց տալ, որ ինքը ոչ պակաս ազդեցիկ ֆիգուր է քաղաքական դաշտում, քան Սերժ Սարգսյանը, որի՝ հավերժական առաջնորդ լինելու գաղափարին հանգել էին գրեթե բոլորը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: