ԵԱՏՄ-ի հարցով հանձնաժողով ստեղծելու, և ընդհանրապես ԵԱՏՄ-ից դուրս գալ-չգալու հարցերի վերաբերյալ խորհրդարանական քննարկումների ժամանակ թե՛ կողմ, թե՛ դեմ փաստարկները շատ հաճախ տեղափոխվում են զգացմունքային դաշտ, ինչը լսարանի վրա ազդելու և խնդիրը մանիպուլացնելու նպատակ ունի: 
ԵԼՔ-ի ներկայացուցիչները, հստակ գիտակցելով, որ հանձնաժողով ստեղծելու, հետագայում նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցերը քվեարկության արդյունքում, միևնույն է, տապալվելու են, այս փուլում փորձում են հնարավորինս ակտուալիզացնել թեման հանրային օրակարգում, կրքոտ ելույթներով տպավորվել հանրության շրջանում, և ի վերջո, թե՛ ներքին և թե՛ միջազգային հանրության աչքերում դիրքավորվել որպես խիստ արևմտամետ ուժ՝ դրանից բխող ակնկալիքներով:
Իշխող կոալիցիայի ներկայացուցիչների մոտ, միևնույն ժամանակ, նկատելի է որոշակի կաշկանդվածություն և ԵԼՔ-ին հակազդելու գործընթացի ոչ մեծ համակարգվածություն: Շատերի մոտ նկատվում է նաև պատրաստվածության ոչ բարձր մակարդակ... Սակայն անգամ դա չի սահմանափակում հարցազրույցներ տալու ցանկությունը: Ինչ վերաբերում է ԱԺ-ում կոալիցիայի ներկայացուցիչների ելույթներին, ապա դրանք բավական սակավաթիվ էին... Դա, թերևս, պայմանավորված է ոչ թե հակափաստարկների բացակայությամբ, այլ առկա վստահությամբ, որ, միևնույն է, քվեարկությամբ ԵԼՔ-ի առաջարկները կմերժվեն: Ինչպես ցույց է տալիս փորձը, այդ մոտեցումն իրեն չի արդարացնում, քանզի ընդդիմության փաստարկներն իրենց հետք են թողնում հանրային ընկալումների վրա...

#ԵԱՏՄ_ԿՈՂՄ_ԴԵՄ #Հայկական_պառլամենտարիզմ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել