Հնդկա-պակիստանյան հակամարտությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև սկսվել է վերջիններիս անկախանալուց հետո 1947 թվականին։ Հակամարտության գլխավոր պատճառը Քաշմիր նահանգն էր, որն անցել էր Հնդկաստանի կազմի մեջ, չնայած նրան, որ այստեղի բնակչությունը մեծամասամբ մահմեդական էր։
Հակամարտությունը կարելի է բաժանել 3 փուլի, որոնց ընթացքում կողմերի միջև ընթացել են ռազմական գործողություններ։
1. 1947-1949թթ. առաջին հնդկա-պակիստանյան պատերազմ,
2. 1965թ․երկրորդ հնդկա-պակիստանյան պատերազմ,
3. 1971թ․երրորդ հնդկա-պակիստանյան պատերազմ, բայց այս անգամ բախումների հիմնական պատճառն Արևելյան Պակիստանի անկախության ձեռքբերման հարցն էր։
Առաջին պատերազմը կողմերի միջև ծագել է Բրիտանիայի տիրապետության տակ գտնվող Հնդկաստանի բաժանվելուց հետո: Հակամարտության պատճառը դարձել է Քաշմիր նահանգը, որի պատկանելիության շուրջ տարաձայնություններն են առաջացել Հնդկաստանի և Պակիստանի միջև։ Այս նահանգի բնակչության մեծամասնությունը մահմեդական էր և Պակիստանը կառավարող վերնախավը գտնում էր, որ այն պետք է միանա Պակիստանին։ Սակայն այլ կարծիք ունեին Հնդկաստանում, որտեղ գտնում էին, որ նահանգը պետք է մնա Հնդկաստանի կազմում։ Բացի այդ՝ Քաշմիրը հնարավորություն ուներ անկախություն ձեռք բերել, սակայն այդ տարբերակը չգործեց։
1947թ․հոկտեմբերի 21-ին պակիստանյան կիսառազմական ձևավորումները՝ կազմված պուշտունա և դարիև ցեղեր 2000 ներկայացուցիչներից, ներխուժեցին Քաշմիր։ Մի քանի օր հետո նրանց հաջողվեց գրավել Քաշմիրի մայրաքաղաք Սրինագարը և նահանգի մահարաջա Հարի Սինգիսն օգնության համար դիմեց պաշտոնական Դելիին։ Դելին էլ նախապայման դրեց, որ օգնություն ցուցաբերելու դիմաց Քաշմիրը պետք է միանա պաշտոնապես Հնդկաստանին։ Արդյունքում, Քաշմիրի մահարաջան համաձայնվեց, և Հնդկաստանը հոկտեմբերի 27-ին հայտարարեց Քաշմիրի միացումը և հնդկական բանակը ետ մղեց պակիստանյան զորքերին։ Արդյունքում, հնդկական զորքերի վերահսկողության տակ հայտնվեց նահանգի տարածքի 2/3-ը, իսկ պակիստանյան զորքերի հսկողության տակ մնացին Գիլգիտայի և Բալտիստանի տարածքները։
Երկու պետությունների միջև ռազմական գործողություններ սկսվեցին: Վերջինս բաղկացած էր 9 փուլից, իսկ 10-րդ փուլում կողմերի միջև զինադադարը կնքվեց 1949թ․հունվարի 1-ին, իսկ հուլիսի 27-ին Հնդկաստանը և Պակիստանը սահմանի վրա կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին։ Արդյունքում, Քաշմիր նահանգի մոտավորապես 60%-ը մնաց Հնդկաստանի, իսկ 40%-ը Պակիստանի վերահսկողության տակ։
Պակիստանի համար Քաշմիրի որոշ շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելը մեծ նշանակություն ունեցավ, քանի որ այդպիսով այն զրկում էր Հնդկաստանին դեպի Կենտրոնասիական շրջան դուրս գալու և Աֆղանստանի հետ սահման ունենալու հնարավորությունից, բացի այդ այն սահման է ունենում Չինաստանի հետ, որն իր դաշնակիցն էր։
Տարբեր գնահատականներով՝ մոտավորապես 6․5 մլն մահմեդական Հնդկաստանից Պակիստան տեղափոխվեց, իսկ հակառակ ուղղությամբ՝ 4․7 մլն հնդիկ և սիթխեր։ 500 հազար մարդ էլ մահացավ կրոնական բախումների և միգրացիայի ճանապարհին։
Երկրորդ պատերազմը ծագել է 1965 թվականին և տևել է օգոստոսից մինչև սեպտեմբեր, երբ Պակիստանը փորձում էր ապստամբություն բարձրացնել Քաշմիր նահանգում։ Փաստացի, այս պատերազմը որևէ արդյունք չտվեց կողմերին և ավարտվեց սեպտեմբերի 23-ին կնքված զինադադարով։ Մեկ ամիս տևած պատերազմի ընթացքում 5000 մարդ զոհվեց, իսկ հասցված ընդհանուր վնասը կազմեց ավելի քան 200 մլն դոլլար։
1966թ․հունվարի 4-12-ը Տաշքենդում կայացած բանակցությունների արդյունքում Պակիստանի նախագահ Այում Խանը և Հնդկաստանի վարչապետ Շաստրին կնքեցին Տաշքենդյան հռչակագիրը, որով կողմերը պատրաստակամություն էին հայտնում պահպանել խաղաղություն։
Երրորդ պատերազմը տեղի է ունեցել 1971 թվականի դեկտեմբերին։ Այն կարելի է բաժանել 2 փուլի, քանի որ առաջին փուլում՝ 1971թ․աշնանը, երկու կողմերի միջև ընթանում էին ռազմական գործողություններ, սակայն պատերազմի մասին պաշտոնապես չէր հայտարարվել և 1971 թ․դեկտեմբերի 3-16-ը, երբ այն հայտարարվեց Պակիստանի կողմից։ Այս անգամ պատերազմը ծագել է Արևելյան Պակիստանի պատճառով։
Նախքան բուն պատերազմը, պետք է ասել, որ Պակիստանը կազմված էր երկու մասից՝ Արևելյան և Արևմտյան։ Նրանք միմյանցից էականորեն տարբերվում էին մշակութային տեսանկյունից։ Մայրաքաղաքը Կարաչին էր, որը գտնվում էր Արևմտյան Պակիստանում։ Արևմտյան Պակիստանը միշտ էլ գերիշխել է Արևելյանի նկատմամբ, չնայած բնակչության առումով զիջում էր (Պակիստան 1972թ․ 64․9 մլն, Բանգլադեշ կամ Արևելյան Պակիստան 1974թ․ 71․3 մլն)։ Բացի այդ լեզվային տարբերություն կար։ Կենտրոնական իշխանություններն Արևելյան Պակիստանի ժողովրդին ստիպում էին խոսել ուրդու լեզվով, իսկ այստեղ բնակչության մեծամասնությունը խոսում էր բենգալերեն։ 1970թ․դեկտեմբերին էլ կայացած խորհրդարանական ընտրություններում Արևելյան Պակիստանում հաղթանակ տարավ «Ազատության լիգա» կուսակցությունը, որի ղեկավար Մուդջիբրում Ռախմանը 1971թ․մարտի 7-ին ելույթ ունեցավ ճառով, որում նշեց, որ իր կուսակցությունը պայքարելու է Արևելյան Պակիստանի անկախության համար։ Մարտի 27-ին հայտարարվեց անկախ Բանգլադեշ պետության ստեղծման մասին, և երկրում քաղաքացիական պատերազմներ սկսվեցին։ Պակիստանյան զորքերը սկսեցին բռնություններ կիրառել երկրում, և 1971թ․վերջում երկրում սպանվեց 200 հազարից մինչև 3 մլն բնակիչ, իսկ 8 մլն էլ փախավ Հնդկաստան։
Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին հանդես եկավ նոր պետությանն աջակցելու կոչով։ Հնդկաստանը սկսեց ռազմական աջակցություն ցուցաբերել պարտիզանական խմբավորումներին, որոնք պայքարում էին հանուն անկախության։ Պակիստանյան ղեկավարությունը գտնում էր, որ քանի դեռ չի վերացել այդ աջակցությունը, անհնար կլինի հաղթել պարտիզաններին։
1971թ․դեկտեմբերի 3-ին Պակիստանի ավիացիան անսպասելի հարվածներ սկսեց հասցնել հնդկական ավիաբազաների վրա։ Այս գործողությունները կրում էին «Չինգիզխան» անվանումը և պլանավորվել էին իսրայելական ավիահարվածների ազդեցության տակ, որոնք այն իրականացրել էին 1967թ․ «Վեցօրյա» պատերազմի ընթացքում: Այս պատերազմի ժամանակ ոչնչացվել էր արաբական ավիացիան։
Այս ընթացքում ռազմական գործողություններ էին ընթանում նաև Քաշմիր նահանգում, սակայն կողմերն առավելության չհասան։
Պատերազմն ավարտվեց դեկտեմբերի 16-ին, և Բանգլադեշն իրեն հայտարարեց անկախ պետություն։
Այնուհետև կողմերի միջև առանց որևէ հաջողության պարբերաբար փոխհրաձգություններ տեղի ունեցան, սակայն իրադրությունն այդպես էլ չկարգավորվեց։ Հատկապես 1980-ական թվականներին իրադրությունը Ջամմու և Քաշմիր նահանգներում լրջորեն սրվեց։ Այստեղ կտրուկ ակտիվացան ահաբեկչական խմբավորումները, որոնք պահանջում էին «անկախություն Հնդկաստանի կողմից օկուպացաված Քաշմիրին»։ Պակիստանյան իշխանություններն էլ սկսեցին զենք մատակարարել ահաբեկչական խմբավորումներին և իրենց տարածքում ռազմաբազաներ ստեղծելու համար տարածքներ տրամադրել։ Բացի այդ տեղի ունեցան բախումներ Հնդկաստանի և Պակիստանի կանոնավոր զորքերի միջև 1984-1986թթ.։
1987-2001թթ․գրեթե չի եղել մի օր, որ տեղի չունենա փոխհրաձգություն։ 1999 թվականի մայիսին հազարավոր ահաբեկիչներ Պակիստանից ներխուժեցին Քաշմիր և կարողացան իրենց վերահսկողության տակ վերցնել որոշ շրջաններ։
Այսպիսով սկսվեց Կարգիլյան պատերազմը, որն ավարտվեց 1999թ․հուլիսին հնդիկների հաղթանակով: