Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման (Doing Business) 2017 թվականի միջոցառումների իրականացման ընթացքը:
Զեկուցվել է, որ ընթացիկ տարվա համար նախատեսված 49 միջոցառումից արդեն իսկ իրականացվել է 22-ը: Մնացած 27-ը գտնվում են ընթացքի մեջ, և նախատեսվում է դրանք ավարտին հասցնել ըստ սահմանված ժամանակացույցի՝ մինչ նոյեմբերի վերջ: Ըստ զեկուցողների՝ ակնկալվում է, որ 2017թ.-ի միջոցառումների իրականացման արդյունքում Համաշխարհային բանկի անենամյա զեկույցում Հայաստանն իր դիրքը կբարելավի մի քանի կետով: Հայաստանը նախորդ տարի դիրքը բարելավել է 5 կետով և զբաղեցրել 38-րդ հորիզոնականը:
Միջոցառումներն իրականացվում են բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցման, ՓՄՁ խթանման, ներդրողների պաշտպանվածության, շինարարական թույլտվությունների ստացման, էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրման, վարկերի հասանելիության, սեփականության գրանցման, ենթակառուցվածքներով ապահովման ցուցանիշների բարելավման ուղղությամբ:
Վարչապետ Կարապետյանը պատասխանատուներից պահանջել է ակտիվ աշխատել Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ՝ միջոցառումների արդյունավետությունը գնահատելու նպատակով, ինչպես նաև հետադարձ կապ պահպանել բիզնես հանրության հետ՝ վերջիններիս մտահոգող հարցերը, առաջարկությունները քննարկելու և խնդիրներին լուծումներ գտնելու համար: Կառավարության ղեկավարը հանձնարարել է բիզնես միջավայրի բարելավման հարցերը պարբերաբար քննարկելու նպատակով ստեղծել կանոնավոր գործող հանձնաժողով՝ ներգրավելով շահագրգիռ բոլոր կողմերին: