Սկսվեց ԱԺ հերթական քառօրյան, ու այս անգամ ԱԺ-ի օրակարգն առավել քան պարզ է։ Ճիշտ է, սկզբում հայտարարվում են օրակարգերն ու նրանք, ովքեր ելույթներով ու զեկույցներով հանդես են գալու ԱԺ-ում, սակայն այս անգամ մինչ նիստի սկսելը պարզ էր, թե ինչ հարցեր են քննարկվելու ԱԺ-ում այս ընթացքում։ Եվ այսպես՝ քաղաքական ամենակարևոր օրակարգն այս պահին երևի թե «Ելք» խմբակցության նախաձեռնությունն է՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին։ Հիշեցնենք, որ հարցուպատասխանի ընթացքում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մերժեց այս հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ընդդիմադիր խմբակցության առաջարկը։ Պարզ է, որ քվեարկության ժամանակ նույնպես մեծամասնությունը՝ ՀՀԿ-ի գլխավորությամբ, դեմ է քվեարկելու այս նախաձեռնությանը։ Այստեղ երևի թե ամենաէականը «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշումն է այս հարցում, որովհետև խմբակցությունը դեռ միասնական դիրքորոշում չի հայտնել այս հարցի վերաբերյալ։ Անկախ քվեարկությունից՝ «Ելք»-ն այս քայլով երևի թե ցանկանում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը հռչակել քաղաքական առաջնահերթության խնդիր, որովհետև միայն քվեարկությամբ այսպիսի գաղափար իրականացնել չես կարող, իսկ դրա համար քաղաքական գործիքակազմը միայն ԱԺ-ով չի սահմանափակվում, ու արդեն հետագան ցույց կտա, թե ինչպես Փաշինյանն ու թիմակիցները կպայքարեն իրենց գաղափարների համար։
Հաջորդ օրակարգը երևի թե կլինի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի ստոարագրումը, որով, ըստ էության, Հայաստանի քաղաքական կյանքը թևակոխում է նոր փուլ։ Սրա մասին առայժմ խոսելու շատ բան չկա՝ բացի նրանից, որ ավելի շատ ուշադրություն կդարձվի արտաքին օրակարգին ու նրա հիմնախնդիրներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել